Երբեք դեմ չեմ եղել արտագաղթին։ Չեմ համարել դավաճանություն։ Մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքն, ըստ իս, ամեն ինչից վեր է։ Ճիշտ է, ինքս երբեւէ չեմ մտածել այդ իրավունքից օգտվելու մասին, բայց համարել եմ բնական, որ մարդն այս կամ այն լանդշաֆտը, հասարակարգը, քաղաքակրթությունը գերադասում է ծննդավայրից։
Մարդն ազատ է՝ ընտրելու ինչ կամենա՝ տաք երկիր, ցածր տոկոսներով վարկեր, էժան բանան, երեխաների պայծառ ապագան, քաղաքացիությունը, բայց նա պետք է իր հաշիվները մաքրի ծննդավայրի հետ։
…որովհետեւ դա նաեւ ուրիշների ծննդավայրն է։
Մարդը պետք է որոշի քաղաքացիության (բաղձալի) եւ պատկանելության (բնական) սահմանը, հետո հատի այն։ Պատկանելությունն է, որ ծննդավայրը դարձնում է Հայրենիք։ Եվ «հաշիվները մաքրել» ասելով՝ նկատի ունեմ հրաժարումը պատկանելության բաղադրիչ իրավունքներից ու պարտականություններից։
Եթե Ամերիկայի նահանգներից կամ Ռուսաստանի օբլաստներից մեկում ապրում ես որպես այդ երկրի խոնարհ քաղաքացի՝ օգտվելով տվյալ պետության քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային հնարավորություններից, խնդիր չկա, գնա՛, օրհնյալ է ընտրությունդ։
Եթե գնում են դառնալու պատկանելության հեռակա պահանջատեր, կներեք, տեղաշարժվելն էլ, մարդու տեղաշարժվելու իրավունքն էլ անիմաստ են թվում։
Մի անգամ սփյուռքում մեկը (ճշգրիտ տեղն ու մարդու անունը չեմ նշում, որովհետեւ խոսքս հավաքականի մասին է) ասաց. «Գիտե՞ս՝ Տեր-Պետրոսյանին ինչու չեմ ներում»։ Մտածեցի՝ ցրտի-մթի աղեկտուր լացն է կապելու, այդուհանդերձ հարցրի՝ ինչո՞ւ։ «Որովհետեւ մեր հողերի հարցը բարձրացնելու փոխարեն ուզում էր Թուրքիայի հետ բարիշել»։
Ի՞նչ տարբերություն՝ այս մարդը որտեղ է ապրում։ Լանդշաֆտի կամ հասարակարգի կամ սոցիալական դրության փոփոխությունը չի ազդում նրա մտածելակերպի վրա։ Պարզապես նա ավելի ազատ է դառնում, դառնում է հիպերպահանջատեր։
Եթե ուշադիր նայեք վերեւի նկարին, կնկատեք, որ «երեխաների պայծառ ապագան» փափագողներից ոչ մեկի դեմքը ճանաչելի-տարբերելի չէ։ Դե, մարդիկ չեն ուզում երեւալ, որ հետո, երբ Ֆեյսբուքում կամ ուրիշ մի տեղ Վուդրո Վիլսոնի քարտեզն ու Սեւրի դաշնագիրը «բալետ» անելիս լինեն, վիրտուալ զորքեր ուղարկելիս լինեն՝ Հադրութն ու Շուշին ազատագրելու, հաշիվ պահանջող չլինի։
Թեեւ ինչ եմ ասում, ո՜ր… Լիքը մարդ կա, որ առանց դեմքը ծածկելու անցած գարուն-ամառ սեզոնում պաշտպանում էր Փաշինյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բայց պատասխան տալու մտադրություն չունի։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։