ՀՀ առողջապահության նախարարությունը նշել է կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի ախտանշանները, որոնց ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։
Ըստ հետազոտությունների արդյունքների՝ «Օմիկրոն» մանրէահիմքը հիվանդության ավելի թեթեւ ախտանշաններ է առաջացնում, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Այն ավելի շատ ախտահարում է վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, եւ առավել հազվադեպ է առաջացնում թոքերի ախտահարում։ Հիմնական ախտանշաններն են` կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ:
Հաշվի առնելով, որ «Օմիկրոնի» ու սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշանները նման են, առողջապահության նախարարությունը հորդորել է նշված ախտանշանների ի հայտ գալու դեպքում դիմել պոլիկլինիկա՝ հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելու եւ բարդություններից խուսափելու նպատակով։
Մասնագետները նշում են, որ «Օմիկրոնից» պաշտպանվելու լավագույն տարբերակը ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութի խթանիչ դեղաչափն է։