ՀՀ ԱԺ-ն միաձայն՝ 101 ձայնով ընդունեց օրենքի նախագիծ, որով զինծառայողների զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած (անհայտ բացակայող) ճանաչվելու դեպքում փոխհատուցում ստացող անձանց շրջանակը կընդլայնվի․ եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու կլինեն զինծառայողի քույրը, եղբայրը, տատը կամ պապը:
Ըստ օրինագծի՝ եթե զինծառայողը փաստական ամուսնացած է եղել, սակայն չի ունեցել ամուսնության պետական գրանցում, անձը, որի հետ զինծառայողը փաստական ամուսնական հարաբերություն է ունեցել, պետք է համատեղ ամուսնական կենցաղ վարելու փաստը հավաստելու մասին տեղեկություններ ներկայացնի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ։ Խորհրդի հաստատման դեպքում նա կհամարվի նշված հոդվածի 3-րդ մասի շահառու: Տեղեկություններ կհամարվեն համատեղ կյանքի լուսանկարները, կենսաբանական երեխաների առկայությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից տրված պսակադրության վկայականը, հարազատների, բարեկամների եւ հարեւանների գրավոր հավաստումները եւ այլ ապացույցներ: