ՀՀ Ազգային ժողովի հունվարի 19-ի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը երկու միտք ասաց, որ բավականին շատ է քննարկվում։
Ես ուզում եմ այդ հայտարարություններին անդրադառնալ զուտ օրենսդրական եւ պաշտոնատար անձի լիազորությունների տեսակետից։ Այսինքն՝ չոր փաստերի համադրություն է լինելու, առանց այն էմոցիոնալ արձագանքների, որ հիմնականում տեսել ու կարդացել եմ։
Ահա այդ երկու հայտարարությունները (տեսագրությունից եմ հանել, որպեսզի բառացի լինի).
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ եւ ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար եւ կառավարության անդամ ինչքան կաշխատի եւ ինչքան չի աշխատի»։
«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդին եւ նաեւ մեծ հաշվով Հայաստանի Հանրապետության ժողովրդին»։
Առաջին հայտարարությունը վերաբերում է էկոնոմիկայի նախարար Քերոբյանի՝ իր խոստումը չկատարելուն (նա մի հարցազրույցում ասել էր, որ եթե երկնիշ տնտեսական աճ չլինի, հրաժարական կտա), երկրորդը՝ Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցությունների հատուկ ներկայացուցիչ նշանակելուն։
Իսկ հիմա կարդանք ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածը, որը սահմանում է վարչապետի եւ կառավարության անդամների իրավասությունները։
Հոդված 152. Վարչապետի և Կառավարության մյուս անդամների իրավասությունները
1. Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Գտեք, խնդրում եմ, այստեղ որեւէ դրույթ, որով վարչապետն իրավասու է արգելելու նախարարին հրաժարական տալ։ Գտեք ու մտցրեք աչքս, եւ ես ներողություն կխնդրեմ։ Ընդ որում, Փաշինյանը չի ասում՝ «հորդորել եմ», «խնդրել եմ», այլ ասում է՝ «արգելել եմ»։ Հենց այդպես՝ իմպերատիվ։ Այս «արգելելը» չի տեղավորվում անգամ «Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ» ձեւակերպման մեջ։
Իսկ եթե վաղը վարչապետը նախարարներին արգելի գրկել սեփական երեխաների՞ն կամ արգելի՞ տուն գնալ, քանի դեռ իր աշխատասենյակի լույսը վառվում է… Սա ձեզ ինչ-որ բան չի՞ հիշեցնում։
Հիմա կարդացեք Փաշինյանի մյուս՝ Ռուբեն Ռուբինյանի նշանակմանը վերաբերող հայտարարությանը։ Դարձյալ, խնդրում եմ, համեմատեք Սահմանադրության 152-րդ հոդվածի մեջբերածս հատվածի հետ եւ ցույց տվեք այն դրույթը, որով վարչապետը, միանձնյա որոշմամբ, կարող է բանակցային որեւէ գործընթացի համար հատուկ ներկայացուցիչ նշանակել ինչ-որ մեկին, առավել եւս՝ ՀՀ ԱԺ փոխնախագահին։
Ի դեպ, ես շատ փնտրեցի, բայց այդպես էլ ո՛չ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», ո՛չ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում վարչապետին վերապահված նման լիազորություններ չգտա։
Թեպետ այդ օրենքները քրքրելու հարկ էլ չկար, որովհետեւ, ինչպես պարզ դարձավ, Փաշինյանի միանգամայն լղոզված պատասխանից, հատուկ ներկայացուցչին նա նշանակել է բանավոր, առանց որեւէ փաստաթղթի։ Ինչպես ասում են, «հենց ընենց, էլի». «Ապե, դու վաղվանից հատուկ բանագնաց ես»… Կարծես խոսքը վերաբերում է հարեւան թաղի տղերքի հետ «ռազբիրատին»։
Մեջբերված հայտարարություններն այլ բան չեն, քան սեփական լիազորությունները վերազանցելու մասին ինքնախոստովանական ցուցմունք։
Ահա հենց այսպես է հաստատվում կամ արդեն հաստատվել փաշինյանական կամապաշտությունը՝ վոլյունտարիզմը, երբ գործող օրենքներն ու գրված-հաստատված կանոնակարգերը փոխարինվում են մեկ մարդու կամքով՝ «ես արգելում եմ», «ես նշանակում եմ», ես, ես… Իսկ նրա ձեռնասուն ենթականերն էլ հաճույքով ենթարկվում են այդ մեկ հոգու կամքին։
Իսկ դա, պատմությունը վկա, միշտ ավարտվում է «պետությունը ե՛ս եմ» բոլոր բռնապետներին հատուկ մտայնությամբ։
Հ. Գ. Ինչ վերաբերում է հայտարարության այն հատվածին, թե Ռուբինյանը հաշվետու է «…նաեւ մեծ հաշվով Հայաստանի Հանրապետության ժողովրդին», ապա սա ծիծաղից բացի այլ բան չի առաջացնում։ Որովհետեւ նույն Ռուբինյանը իսկի ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնին հաշվետու չեղավ։ Եզրակացություն. փաշինյանական վոլյունտարիզմի տեսության համաձայն՝ ինքը ոչ միայն «պետությունն է», այլեւ ժողովուրդը։ Աբսուրդի թատրոնը Հայաստանում շարունակվում է, ու վերջը չի երեւում։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։