ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը վարժեցված շների օգնությամբ մեկ շաբաթում Լեռնային Ղարաբաղում ժամանակակից սարքավորումներով մեկ հեկտար տարածք են մաքրել չպայթած ականներից եւ արկերից։
Ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Չերնիկովը պատմել է, որ Երեմեյ անունով արեւելաեվրոպական հովվաշունն արդեն յոթ տարի է՝ օգնում է իրենց։ Նա նշել է, որ արդեն երկրորդ անգամ են աշխատում Լեռնային Ղարաբաղում։ Շան օգնությամբ գտել են մոտ 15-30 ենթադրյալ պայթուցիկ առարկա, որոնցով զբաղվում են սակրավորները:
Ռուս խաղաղապահներն Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների սահմանազատման գծի մոտակայքում ամեն օր աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի եւ ականների որոնման ուղղությամբ: Զինծառայողները մաքրում են բնակավայրերն ու գյուղատնտեսական աշխատանքների եւ ընտանի կենդանիների արոտավայրերի համար նախատեսված հարակից տարածքները:
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի ռուսական ինժեներասակրավորական խմբերի հիմնական խնդիրը տեղանքի, ճանապարհների եւ ենթակառուցվածքների օբյեկտների ականազերծումն է, ինժեներական հետախուզության վարումը: