Իշխան Սաղաթելյանը Հադրութը եւ Շուշին վերադարձնելու մասին չէր խոսի, եթե Ռոբերտ Քոչարյանը չհամարեր, որ դա «դժվար, բայց հնարավոր է»։ Եթե հարցնենք՝ ինչպե՞ս, կհետեւի ստանդարտ պատասխան․ «Հո թշնամու առջեւ մեր խաղաքարտերը չե՞նք բացելու»։
Հիմնավոր եւ արդարացի է՝ թշնամին չպետք է իմանա մեր ծրագրերը։ Բայց խնդիրն այն է, որ Հադրութի եւ Շուշիի՝ որպես վերադարձի ենթակա միակ տարածք(ներ)ի մասին խոսելիս մենք միանգամից թշնամուն մատուցում ենք քառասունչորսօրյա պատերազմի նրա խրախճանքի սեղանի «դեսերտը»։
Ո՛չ, խոսքը Աղդամի կամ նույնիսկ Քարվաճառ-Քաշաթաղի մասին չէ, ինչպես Իշխան Սաղաթելյանին համադարձում են՝ հիշեցնելով ՀՅԴ ոչմիթիզհողական կեցվածքը։ Խնդիրը խորքային է։ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը խիստ կարեւոր դիտարկում է արել՝ վկայակոչելով ԼՂ կարգավորման միջազգային գործընթացի ելակետային որոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվում է հակամարտության սուբյեկտ, կողմ։
Իսկ ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչվում է նախկին ԼՂԻՄ վարչական սահմաններով՝ ներառյալ Շուշի քաղաքը եւ 1992-ին բացված Լաչինի միջանցքը, որ, ինչպես Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց (հավանաբար նաեւ Հայաստանի իշխանություններին), զուտ ճանապարհ չէ, հաղորդակցության միջոց չէ, տարածք է, Հայաստան-ԼՂ աշխարհագրական կապ եւ այդ առումով՝ ԼՂ հայկականության երաշխիք եւ այնքան լեգիտիմ, որ նույնիսկ նոյեմբերի 9/10-ի եռակողմ Հայտարարության տեքստում է հատուկ ընդգծվել։
Ներհայկական դիսկուրսն, այսպիսով, պետք է կենտրոնանա ոչ թե Հադրութի եւ Շուշիի վերադարձի վրա, որովհետեւ այդ մոտեցմամբ ակնհայտորեն մոռացության են տրվում դեռեւս առաջին պատերազմից հետո ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված՝ Մարտակերտի շրջանի ամբողջ հարթավայրային գոտին, Մարտունու շրջանի որոշ հատվածները, այլ 2020 թվականին նախկին ԼՂԻՄ-ի տարածքից եւս գրավված Թալիշը, Մատաղիսը, Ասկերանի շրջանի մոտ մեկ տասնյակ գյուղեր, Մարտունու շրջանի մի քանի հատվածները։
Այսինքն՝ օրակարգից դուրս է բերվում նախկին ԼՂԻՄ-ի ամբողջականության վերականգնման առաջնահերթությունը։ Գիտակցաբա՞ր է դա արվում, իշխանություն-ընդդիմություն «լուռ» համաձայնությա՞մբ, թե՞ ոչ, կարելի է վիճել, վարկածներ առաջադրել։ Աչք է «ծակում» նաեւ այն, որ Արցախի պաշտոնական ներկայացուցիչներն էլ շարունակում են «սայլը ձիու առջեւից կապել»՝ միալար պնդելով ԼՂ անկախ կարգավիճակի գերակայությունը։ Մինչդեռ անվիճելի է, որ ինքնին-ապրիորի կարգավիճակ չկա, չի կարող լինել։ Նախ պետք է հստակվի իրավական կարգավիճակի սուբյեկտը տարածքային, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական, քաղաքակրթական եւ քաղաքական պարամետրերով։ Նման սուբյեկտ կարող է լինել նախկին ԼՂԻՄ ամբողջական տարածքի «տիտղոսային» բնակչությունը։
Հետեւաբար քաղաքական օրակարգը, որ պիտի առաջ տանեն Հայաստանի եւ Արցախի իշխանությունները, քաղաքական ուժերը, ՀԿ-ները, մեդիա-փորձագիտական ռեսուրսները, մտավորականությունը եւ առհասարակ հայ հանրությունը՝ Հայրենիքում, թե Սփյուռքում, մեկն է՝ վերականգնել նախկին ԼՂԻՄ վարչատարածքային ամբողջությունը, ԵԱՀԿ հիմնարար որոշումներով անդամ բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից անառարկելիորեն ճանաչված սուբյեկտությունը։
Պաշտոնական Ստեփանակերտը երբեմն-երբեմն այդ մասին խոսում է, բայց՝ «աշխարհաքաղաքականության հիմնավորմամբ»։ Քաղաքագիտական առումով դա, գուցե, գայթակղիչ է, բայց իրական քաղաքականության տեսանկյունից՝ ոչ ակտուալ, ինչպես ռուսներն են սիրում ասել՝ «կոնտրպրոդուկտիվ», որովհետեւ խնդիրն այդպիսով տեղափոխվում է ուժային կենտրոնների դիմակայության դաշտ։ Ընդ որում՝ միանշանակ «բոլոր ձվերը դրվում են ռուսական զամբյուղում»։ Մինչդեռ Հայրենիքը փորձադաշտ չէ, ոչ էլ մենք «կազինոյում» ենք, որպեսզի թույլ տանք «վա-բանկ խաղադրույք դնել», որովհետեւ ոչ մի երաշխիք չկա, որ ամեն ինչ տանուլ չենք տա։
Անշուշտ, հարցի նման դրվածքին թշնամական կողմը կհակադարձի «ԼՂ-ից տեղահանված ադրբեջանցիների՝ իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու իրավունքի» կռվանով։ Ընտրության խնդիր է՝ մենք գնում ենք նախկին ԼՂԻՄ-ի ամբողջականության վերականգնման եւ վերջնական կարգավիճակը ԵԱՀԿ ձեւաչափում որոշարկելու ճանապարհո՞վ, թե՞ կենտրոնանում ենք քառասունչորսօրյա պատերազմից հետո հայաբնակ մնացած տարածքներն Ադրբեջանի իրավազորությունից դուրս բերելու վրա։
Այս դեպքում պետք է հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել 2020-ին։ Արդյոք գործ չունե՞նք «տարածքային փոխանակման» հետ, արդյոք նախկին ԼՂԻՄ-ը փաստացի չի՞ բաժանվել ադրբեջանական եւ հայկական հատվածների։ Կա՞ հստակ չափագրում՝ ԼՂԻՄ-ի 4,5 հազար քառակուսի կիլոմետր տարածքից որքանն է «անցել ադրբեջանցիներին», որքանը՝ մնացել հայկական։ ԼՂԻՄ-ի բնակչության մեկ հինգերորդն ադրբեջանցիներ էին։ Եթե տեղի է ունեցել էթնո-տարածքային տարանջատում, ապա հայկական մասն ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա։
Ի՞նչ է խմորվում, ինչպե՞ս կարող ենք «մտնել գործընթացի մեջ»՝ հարցից հարց է ծնվում։ Բայց արտաքին որեւէ ազդակ, նույնիսկ կանխածրագրում գնահատելու, ըստ այդմ ռազմավարական քաղաքականություն մշակելու համար պետք է ունենալ կայուն աշխարհայացքի, գաղափարախոսության եւ պրոֆեսիոնալ կառավարիչների իշխանություն եւ ադեկվատ քաղաքական համակարգ։
Հայաստանը, դժբախտաբար, ո՛չ մեկն ունի, ո՛չ մյուսը։ Եվ ժամանակը, ինչպես 1998-2018 քսանամյակում, այսօր էլ աշխատում է ի վնաս մեզ։ Մենք տուրբուլենտության վիճակում ենք։ Եվ դա ամենաառարկայական սպառնալիքն է, որի հանրային ընկալումը մի «զարմանալի» համերաշխությամբ խոչընդոտում են իշխանությունը եւ ընդդիմությունը։ «Իսկ դուք Հադրութի եւ Շուշիի վերադարձը հնարավո՞ր եք համարում» ընդդիմությունից իշխանությանն արվող հարցադրումը քաղաքական անլիարժեքության ապացույց է։ Որովհետեւ առանձին վերցրած Հադրութի կամ Շուշիի վերադարձ չի լինելու։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։