Ամփոփելով Ժնեւում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքները՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ զոհաբերելու իր հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը:
Բլինքենը նշել է, որ Ռուսաստանն այժմ ընտրության առաջ է՝ ընտրել դիվանագիտության ուղին, որը տանում է դեպի խաղաղության եւ անվտանգության, կամ այն ճանապարհը, որը կհանգեցնի հակամարտության, լուրջ հետեւանքների ու միջազգային դատապարտման:
Պետդեպարտամենտի ղեկավարը նշել է, որ Լավրովի հետ քննարկումը չի կարելի բանակցություններ անվանել, ավելի շուտ գաղափարների անկեղծ փոխանակում էր: Բլինքենի կարծիքով այդ քննարկումներից հետո Վաշինգտոնն ու Մոսկվան միմյանց դիրքորոշումների ավելի լավ ընկալման ճանապարհին են։
Ըստ ամերիկացի դիվանագետի՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են աշխատել մի շարք ոլորտներում փոխադարձ մտահոգությունների լուծման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարը կարեւորել է սպառազինությունների նկատմամբ համատեղ վերահսկողությունն ու ռուս-ամերիկյան վստահության ամրապնդման ուղիները: