Թուրքական «Uykusuz» («Անքուն») երգիծական հանդեսի թարմ համարի շապիկին հրապարակված ծաղրանկարն առնչվում է գնաճի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտեցմանը։
Երգիծական հանդեսի շապիկին արված է Էրդողանի «Նայե՛ք Ամերիկայում, Եվրոպայում տիրող աղետին։ Դարակներում սննդամթերք չեն կարողանում գտնել։ Փառք Աստծո, Թուրքիան այդպիսի խնդիր չունի» մեծ աղմուկ հանած հայտարարությունը:
Ծաղրանկարում ընդամենը մեկ հաց գնած ու բարձր գներից դժգոհ ամուսինները խանութից հեռանալիս ասում են. «Փառք Աստծո, դարակները լիքն են»։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների համաձայն՝ Թուրքիայում 2021-ի դեկտեմբերին գնաճը կազմել է 13,58 տոկոս։