Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ վերջին շաբաթվա ընթացքում Երեւանում, մասնավորապես Կենտրոն, ինչպես նաեւ Շենգավիթ եւ Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի խտությունը:
Միջին ամսական տվյալները ցույց են տալիս՝ փոշու աղտոտվածության գերազանցում է գրանցվել հիմնականում Արարատում, Գյումրիում եւ Վանաձորում:
Հայաստանում վերջին տարիներին փոշու խտության կտրուկ անկում էր գրանցվել 2020-ի ապրիլի 1-ից հետո, երբ կորոնավիրուսով պայմանավորված ամբողջ հանրապետությունում սահմանափակվել էր տեղաշարժի իրավունքը, հանրային տրանսպորտը դադարել էր գործելուց, իսկ որոշ արտադրամասերում աշխատանքը դադարեցվել էր:
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնն օդի որակի ամենօրյա ստուգումներ է անցկացնում հանրապետության տասը քաղաքներում:
Մասնագետները վստահեցնում են՝ Հայաստանում օդի աղտոտվածության գերազանցումները դեռ կարճաժամկետ են, վտանգը երկարաժամկետի դեպքում կարող է լինել: