Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ դատախազությունը դիմել է դատարան նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) եւ նրան փոխկապակցված երկու անձի ապօրինի գույքը բռնագանձելու պահանջով։
Բավականին տպավորիչ էր բռնագանձման ենթակա գույքի ցանկը՝ Երեւանում 2 բնակարան, 1 բնակելի տուն, 1 հյուրանոցառեստորանային համալիր, 1 ավտոտնակ, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում 2 հողամաս, որոնց միջին շուկայական արժեքն ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ է, 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ է, բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդ, 4․391․805․299 ՀՀ դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաեւ 272․975․855 մլն ՀՀ դրամ:
Արամ Հարությունյանին վերագրվող՝ ապօրինի գույքի այս ցանկում, սակայն, նշված չէ, թե խոսքը հատկապես որ 3 ընկերություններին է վերաբերում։ Օրինակ` ո՞ր ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքն է 8 մլրդ 166 մլն դրամ կամ մոտ 16,5 մլն դոլար։ Եվ, որ ամենակարեւորն է, ինչո՞ւ են այդ ընկերությունները բռնագանձման ենթակա, արդյո՞ք դրանք եղել են պետական, հետո սեփականացվել են, արդյո՞ք դրանք չնչին գումարներով են ձեռք բերվել, մինչդեռ ունեին շատ մեծ արժեք: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ ապօրինություն է տեղի ունեցել այդ ընկերությունների դեպքում:
Բանն այնն է, որ Հարությունյանին է վերագրվում կառավարության եւ Հանրապետության հրապարակի անմիջական հարեւանությամբ՝ Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող «Հանարդնախագիծ» ինստիտուտի շենքը։ Մամուլի հրապարակումների համաձայն` նախկին պաշտոնյան այն ձեռք է բերել քաղաքաշինության նախարար եղած ժամանակ՝ 2004-2007 թվականներին, երբ Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր։ Ավելին` հենց այդ տարիներին նա աղավաղեց այդ շենքի ճարտարապետական տեսքը՝ լրացուցիչ հարկ բարձրացրեց ու ընդլայնեց իր սեփականությունը։
Ճարտարապետները փորձեցին պայքարել, բայց չկարողացան: Նախարար Հարությունյանն ավելի ուժեղ գտնվեց՝ հավանաբար ունենալով Քոչարյանի հովանավորությունը: Այդպիսով խաթարվեց նաեւ Հանրապետության հրապարակից դեպի այդ ուղղությունը բացվող տեսարանը:
Բայց այդ շենքին տիրանալով չէ միայն Հարությունյանը վնաս պատճառել Հայաստանին: Տարիներ շարունակ նախկին բարձրաստիճան պաշտոնյան պետությունից սեփականացրած այդ տարածքը վարձակալության էր տրամադրում հենց պետությանը՝ ստանալով միլիոնավոր դրամներ։ Օրինակ` ֆինանսների նախարարությունը տարեկան 127 մլն դրամ էր վճարում վարձակալած տարածքի դիմաց՝ այնտեղ տեղակայելով որոշ ստորաբաժանումներ։ Նույն այդ շենքում տարածք էին վարձակալում անգամ այն ժամանակ փոխվարչապետ Վաչե Գրիգորյանի գրասենյակը եւ այլ կառույցներ։ «Հանարդնախագծի» կողմից վարձակալական պայմանագրերը ստորագրում էր Արայիկ Հարությունյանը՝ Արամ Հարությունյանի եղբայրը:
Այսինքն` նախկին իշխանությունների օրոք մի պրակտիկա էր ներդրվել. բարձրաստիճան պաշտոնյաները պետությանը պատկանող գույքը չնչին գներով սեփականացնում եւ այն վարձակալության էին հանձնում պետությանը՝ հարկատուների հաշվին ստանալով երաշխավորված մեծ եկամուտներ։ Կառավարության կառույցներն էլ վարձակալում էին, քանի որ տարբեր գերատեսչությունների շենքերն իրենց չէին բավարարում. դրանց մի մասը պաշտոնյաներն արդեն մեջ-մեջ էին արել:
Հեղափոխությունից հետո պետական որոշ ստորաբաժանումներ դուրս են եկել այդ շենքից եւ Հարությունյանին այլեւս վարձակալական միլիոններ չեն վճարում։ Ֆինանսների նախարարությունից տեղեկացրին, որ 2018-ի դեկտեմբերից հանձնել են «Հանարդնախագծի» տարածքները։
Փորձեցինք դատախազությունից ճշտել, թե արդյոք բռնագանձման ենթակա ընկերություններից մեկի թանկարժեք անշարժ գույքը հենց «Հանարդնախագիծ» ինստիտուտի շենքն է։ Կամ՝ ինչպե՞ս, ի՞նչ գնով է այդ շենքը ձեռք բերել Հարությունյանը, արդյո՞ք շատ ցածր գնով, ինչպես այդ տարիներին սեփականացվեցին Երեւանի կենտրոնում գտնվող շատ արժեքավոր պետական շինություններ։ Արդյո՞ք շենքը վերադարձնելու հետ քննարկվում է հարցը, որ պետք է հատուցվի այդ ընթացքում պետության պատճառած վնասը՝ պետական բյուջեից ստացած վարձավճարները եւ այլն։
Դատախազությունից մեզ պատասխանեցին, որ իրենք այս փուլում լրացուցիչ տեղեկություններ չեն կարող հայտնել, այդ ամենը կբացահայտվի դատաքննության ընթացքում։ Նույն պատճառներով տեղեկություն չի տրամադրում նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեն, որը քննել ու դատախազություն է ուղարկել Հարությունյանի նկատմամբ հարուցված մեկ այլ՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման եւ կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործը: Հարությունյանի փաստաբան Կարեն Հակոբյանը նույնպես փոխանցեց, որ ինքը տեղյակ չէ Տիգրան Մեծի 4 շենքի մասին:
Մինչ իրավապահ այդ կառույցները կբացահայտեն, թե Արամ Հարությունյանին պատկանող որ ընկերություններն են բռնագանձման ենթակա, եւ «Հայարդնախագիծ» ինստիտուտը դրանց մեջ կա՞, թե՞ ոչ, պարզվեց, որ հունվարի 20-ին դատախազությունը Հակակոռուպցիոն կոմիտե լրացուցիչ քննության է վերադարձրել ընդամենը մեկ շաբաթ առաջ ստացած՝ այդ 14 մլն դոլար կաշառք ստանալու գործը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության հսկողության առանձին կարգավորումների ներդրման անհրաժեշտություն է տեսնում եւ կասկածի տակ դնում իրավապահ այդ մարմնի քննիչների անկախությունը:
Նրա կարծիքով` դատախազության, գոնե կոռուպցիոն գործերով քննիչները պետք է որոշակի անկախություն ստանան, ինչպես այդ մարմնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հատուկ ստորաբաժանումը, որը ղեկավարում է Սրբուհի Գալյանը:
Հատկապես որ մեկ շաբաթվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտե է վերադարձվել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված գործը: Վերջինս նույնպես մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված մի շարք խոշոր չարաշահումների համար:
Գասպարյանն, ի տարբերություն Հարությունյանի, Հայաստանում է, եւ այդ հանգամանքը կարող է օգնել նրա գործի քննությանը: Հարությունյանը, մամուլի հրապարակումների համաձայն, գաղտնի անցել է Վրաստան, որտեղից՝ Թուրքիա եւ մեկնել է ԱՄՆ: «Չի բացառվում, որ Արամ Հարությունյանին երբեք չկարողանան բերել Հայաստան եւ ազատազրկեն, բայց շնորհիվ այն մեխանիզմի, որն ապահովում է դատախազությունում արդեն Սրբուհի Գալյանի ղեկավարած ստորաբաժանումը, նրա՝ ապօրինի ծագում ունեցող գույքը կբռնագանձվի հօգուտ պետության»,- համոզված է Դանիել Իոաննիսյանը:
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։