Ռուսական «Newsfront» գործակալությունը հրապարակել է ՌԴ ազգային անվտանգության ռազմաքաղաքական հարցերով մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, ամերիկագետ-վերլուծաբան, «Բարձրագույն տնտեսական դպրոց» ազգային գիտահետազոտական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Եվստաֆեւի ակնարկը, որում հեղինակն անդրադարձել է եռակողմ համաձայնագրից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ Հայաստանի ապագային:
«Մեծ Հայք չի լինելու: Պատճառը Փաշինյանը չէ: Փաշինյանը սոսկ ախտանիշ է. ազգի՝ ինքնայրվելով սպառվելու, մեծ ազգ լինելու բեռը տանել չկարողանալու եւ չցանկանալու ախտանիշ: Մարտիկների ու հաղթողների ազգը հոգնել է: Դրանից բխում է Հայաստանի եւ հայ ժողովրդի հետագա գոյության երկու հնարավորություն: Համենայն դեպս՝ առաջիկա քսան տարում: Վախենամ՝ երկու տարբերակն էլ հայերի սրտով չլինի»,- նշել է վերլուծաբանը:
Ըստ Եվստաֆեւի՝ առաջին տարբերակով Հայաստանը դառնում է «Մեծ Ռուսաստանի» նահանգը՝ Կալինինգրադի պես, միայն թե ավելի նպաստավոր լոգիստիկ պայմաններով: Եվ սահմանակցում է բազմավեկտոր, գուցե նույնիսկ՝ չեզոք Ադրբեջանին:
Երկրորդ տարբերակով՝ Հայաստանը դառնում է Օսմանյան կայսրության Բաքվի վիլայեթի ազգագրական մուհաֆազան (վարչատարածքային բաժանման արաբական միավոր):
Հայ ժողովրդին դիմելով՝ քաղաքագետն ընդգծում է, որ տեսունակ, խելամիտ ընտրություն կատարելու համար հարկ է հանդարտվել, նստել, շուրջը նայել, ու հասկանալ, որ «Հյուսիս-Հարավ» միջանցքում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ներառումը՝ Ռուսաստանի ռազմական ու տնտեսական երաշխիքներով հանդերձ, Հայաստանի ու հայ ժողովրդի փրկությունն է:
«Եթե հայ ժողովուրդը, Փաշինյա՛նը չէ, այլ՝ հայ ժողովուրդը ընդունակ չլինի գիտակցելու այդ ընտրության բովանդակությունը, ապա Ռուսաստանը ու մենք, ռուս հասարակությունը, ոչինչ չենք կարողանա անել: Նոր աշխարհն անողոք աշխարհ է. սրբում-տանում է բոլոր պատրանքները: Այդ աշխարհում հարկավոր է սովորել ապրել»,- գրում է Եվստաֆեւը: