«Կնահանջեն ծնողք, որդի, քեռի, փեսա, կնահանջեն բարք, ըմբռնում, բարոյական, սեր: Կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն, կնահանջե լեզուն: Եվ մենք դեռ կնահանջենք բանիվ եւ գործով, կամա եւ ակամա, գիտությամբ եւ անգիտությամբ. մեղա՜, մեղա՜ Արարատին»,- Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպից է, որ գրվել է մոտ հարյուր տարի առաջ՝ 1927-1929 թվականներին:
Հարյուր տարի առաջ՝ ցեղասպանությունից, հայրենազրկումից հազիվ տասը-տասներկու տարի հետո, «նահանջն» արդեն տեսնված-դիտարկված, գեղագիտորեն ահազանգված էր։ Եվս մեկ տասնամյակ, եւ ահազանգողն ինքը պիտի հավիտյանս «նահանջեր» եւ դառնար ֆրանսագիր հեղինակ, որովհետեւ վաճառական չէր կարող լինել, ոչ էլ գյուտատար, իսկ ապրել պետք էր։
Ո՞վ էր լինելու հայագիր Վիլյամ Սարոյանը կամ Մայքլ Առլենը։ Համայնքային երկշաբաթերթի սյունակագի՞ր։ Սփյուռքի «նահանջն» արձանագրել են Սիլվա Կապուտիկյանը («Քարավանները դեռ քայլում են»), Վարդգես Պետրոսյանը («Հայկական էսքիզներ», «Կրակե շապիկ», որի ամսագրային տարբերակն ավելի խոսուն վերնագիր ուներ․ «Դատարկ աթոռներ՝ ծննդյան տոնին»)։ Արձանագրել են բոլորը, ովքեր Սփյուռքում լինելու բախտ կամ, ավելի ճիշտ, դժբախտություն են ունեցել՝ լինի դա Բեյրութը, Մարսելը կամ Գլենդելը։
Վաղ երիտասարդության տարիներին մի գիրք եմ կարդացել, հեղինակին, թող ինձ ներեն, չեմ հիշում, տպավորվել է վերնագիրը․ «Ամեն տեղ հայ կա»։
Արտասահմանյան միակ ուղեւորությանս առաջին օրը, դա Էդինբուրգի հին հյուրանոցի նախասրահում էր, մեզ մոտեցավ աղքատիկ հագնված («Մեր բակի» Հրանտ Թոխատյանին հիշո՞ւմ եք, ահա այդ տեսքի) մի ծերունի, ներկայացավ որպես Պարսկաստանից Շոտլանդիա արտագաղթած եւ իսկույն առաջարկեց «Ղարաբաղի հարցի լուծման» տարբերակ։
Ողբերգական պատկեր էր։ Նա հյուրանոց էր եկել ճիշտ ժամին, որպեսզի խմի բարեգործությամբ աղքատներին մատուցվող մի գավաթ սուրճը, վայելի թխվածքաբլիթն ու անվճար թերթ կարդա։ Ով էր ասել, որ հյուրանոցում Հայաստանից պատվիրակություն կա՝ չգիտեմ, բայց որ չկարողացա մեկ-երկու րոպեից ավելի լսել նրան, փաստ է։
Պատվիրակության կազմում գործարար-պատգամավոր ունեինք։ Ծերունուն մի կողմ տարավ, երեւի հիսուն կամ հարյուր ֆունստ-ստեռլինգ սահեցրեց աշնանային հնաոճ թիկնոցի գրպանը եւ ճանապարհեց։
«Ամեն տեղ, այո՛, հայ կա»։
Երկու տարի հետո Մոսկվայի հանդիսությունների մի սրահում քենուս տղայի հարսանիքն էր։ Մի պահ դուրս էի եկել ծխելու, բացօթյա տաղավարում մի գավաթ սառը գարեջուր խմելու, երբ մոտեցավ, դիմացս լուռ կանգնեց մեր հարեւան գյուղից մի տղա։ Նրա ավագ եղբայրը սպանվել է 1991-ի ամռանը Շահբուլաղի «զտման կայանում»։ Միջնեկը պատերազմի առաջին օրերի զոհերից է։ Ինքը Մոսկվա է տեղափոխվել 94-ի հրադադարից հետո կամ, չգիտեմ, գուցե ավելի վաղ։ Հանդիսությունների այդ սրահում, որ նաեւ ռեստորանային բաժին ունի, խորովածանոցում էր աշխատում։
Նա ինձ երկչոտ հարցրեց՝ եթե վերադառնա, պետությունը կօգնի՞, տունը կվերանորոգի՞, մի-երկու անասուն կտա՞։ Ես չկարողացա հայրենիքի, հայրենի պետության, նրա իշխանությունների անունից այդ տղային տուն կանչել, ինչ-որ խոստում տալ։ Իսկ եթե չստացվե՞ր։ Եթե չինովնիկի մեկը կանգներ-հիշեցներ, որ նա պատերազմի տարում թողել-«փախե՞լ է»։
Այդ հանդիպումից մեկուկես տասնամյակ է անցել։ Չգիտեմ՝ նա դեռ Մոսկվայո՞ւմ է, դարձյալ ժամերով խորովածի շամփուրնե՞ր է շուռումուռ անում, թե՞ հաջողել է սեփական գործ ունենալ։ Կամ, գուցե, Նահանգնե՞ր է տեղափոխվել կամ Ռուսաստանի հարավի մի հայաշատ ավան-ստանիցա՞։
«Ամեն տեղ հայ կա»։
Սա հպարտությո՞ւն է, առավելությո՞ւն։ Կարծում եմ՝ ոչ։ Սփյուռքը մեր թուլությունն է։ Իսկ մենք կարծել ենք՝ ուժն է։ Թիկունք։ Ապահովություն։ Սփյուռքն, ահա, գործի կդնի հնարավորությունները, եւ Միացյալ Նահանգներն իր հզոր ձայնով կպահանջի, որ Լեռնային Ղարաբաղը միավորվի Հայաստանին։ Եվ այդժամ Միացյալ Հայաստան կհոսեն Սփյուռքի միլիոններն ու միլիարդները, մենք կապրենք հարուստ, ուրախ եւ երջանիկ։ Ով Սփյուռքը գիտեր, նման պատրանքներ չուներ։ Ով Սփյուռքի մասին լսել էր, այն էլ հպանցիկ, միայն 88-ից հետո, մեր իրականություն բերեց մի կեղտոտ սպասում, որ Սփյուռքը «պարտավոր է կիսվել»։
2000-ականների արարողակարգով Հայաստանի անկախության տոնին նաեւ Արցախի պատվիրակությունն էր մասնակցում։ Սարդարապատում էինք։ Հենց հուշահամալիրում ծանրաբեռ սեղաններ էին բացված։ Շատ ստույգ տպավորվել է վերջում մատուցված կոլոլակը։ Հերթական բաժակն էր խմվում՝ «սեղանն է առատ, դիմացն՝ Արարատ» ոճի մեջ, երբ թիկունքիս քչփչոց լսեցի։ Երկու տարեց կանայք էին. մեկը, դառը հայացքով սեղանի ճոխությունը ցույց տալով, մյուսին ասում էր․ «Կըսեն սուղ կապրինք, ասոնց նայե․․․»։ Սառը դաշույնի հարված էր, սպանիչ, նվաստացնող։
Քսան տարի է անցել, երեւի, բայց տեսարանը կենդանի աչքիս առաջ է։ Նրանք գուցե թոշակի խնայած գումարներով Հայրենիք էին եկել՝ մասնակցելու Անկախության տոնին, հպարտանալու։ Եվ ի՞նչ էին տեսնում։ Բռի խրախճանք, վայրենի ցուցամոլություն։
Սփյուռքի «նահանջն» արտառոց մի բան չէ, այդպես էլ պիտի լիներ։ Անթույլատրելին Հայրենիքի նահանջն է, Հայրենիքի գունազրկումը, բարոյալքումը։ Երեւի 1998-ին էր։ Ստեփանակերտում հայտնի մի մտավորական (ի դեպ՝ երդվյալ ՀՅԴ-ական) խնդրեց, թե Գանձասար սփյուռքահայ հյուր է տանում (սեփական մեքենայով), ճանապարհը լավ չի հիշում, կմիանա՞մ։ Քաղաքից դուրս բենզալցակայան մտավ։ Հյուրը հարցրեց. «Որքա՞ն գազոլին է պետք»: Մտավորական-ուղեկցորդը չոր պատասխանեց․ «Երեսուն լիտր» (Ստեփանակերտ-Գանձասար ճանապարհը հիսուն կիլոմետր է)։ Մարդը լուռ վճարեց։ Գանձասարում մոմ վառեց, աղոթեց։ Վերադարձանք։ Վճարեց 30 դոլար եւ առանց հրաժեշտի մի բառ ասելու մտավ հյուրանոց։ Նա գիտեր, որ խաբվում է, բայց լռեց։ Բայց լռեց նաեւ Նահանգներ վերադառնալուց հետո՞․․․Ահա այս «նահանջը» եթե կասեցվի, Սփյուռքը, որքան էլ դժվար լինի, կպահպանի գույնը։ Սփյուռքն է Հայրենիքով ուժեղ․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։