Բրիտանական Western Morning News-ի թղթակից Փոլ Մերսերը «Ինչո՞ւ է Մեծ Բրիտանիան ներգրավված Ուկրաինայի հարցում» հոդվածում հիշեցնում է, թե երբ Բելառուսը հրավիրում էր ներգաղթյալներին՝ հատելու ԵՄ անդամ Լեհաստանի սահմանը, Մեծ Բրիտանիան Լեհաստանի կառավարությանն աջակցելու համար զորքեր ուղարկեց: Նման մի նպատակով, ըստ Մերսերի՝ Մեծ Բրիտանիան վերջերս Ուկրաինա զենք եւ մասնագետների խումբ ուղարկեց, որ նրանք ուկրաինացիներին այդ զենքից օգտվելու ձեւերը սովորեցնեն:
Հոդվածագիրը հիշեցնում է նաեւ, որ ԵՄ-ն, որի անդամ երկիր է նաեւ Լեհաստանը, ժամանակին փորձել է համոզել Ուկրաինային անդամակցել Եվրամիությանը: Փոլ Մերսերը հռետորական հարց է տալիս. տեսնես ինչո՞ւ է հիմա Լոնդոնը ներգրավված այս գործընթացներին, երբ Մեծ Բրիտանիան այլեւս ԵՄ անդամ չէ:
«Ռուսաստանը հազարավոր զորքեր է կուտակում Ուկրաինայի սահմանին, ԵՄ-ն ձեռքերը ծալած նստում ու ժամանակ առ ժամանակ թույլ բողոքի նշաններ է ցույց տալիս: Հետաքրքիր է՝ ո՞րն է լինելու ԵՄ-ի արձագանքը, եթե պարոն Պուտինն իրագործի իր սպառնալիքներն ու փորձի վերականգնել Ռուսաստանի կորցրած տարածքները: Այդ ժամանակ է՞լ հին ու բարի Մեծ Բրիտանիան պատասխանատվություն կստանձնի Եվրոպայի փրկության համար»,- հետաքրքրվում է հոդվածագիրը:
«Brexit». Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության անջատման՝ 1973-ից սկիզբ առած գործընթաց, որի եզրափակիչ ակորդը եղավ 2016-ի հունիսին Միացյալ Թագավորությունում անցկացված հանրաքվեն: Հանրաքվեի արդյունքներով բրիտանացիների 52%-ը կողմ էր, որ Մեծ Բրիտանիան լքի ԵՄ-ն։