Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Բրյուսելում Եվրամիության երկրների արտգործնախարարների նիստից առաջ հայտարարել է, որ Շվեդիան ներկայում մտադիր չէ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնել, միաժամանակ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին հավաստել է սեփական անվտանգության ապահովման գիծն ինքնուրույն ընտրելու իր իրավունքի մասին:
Հունվարի 24-ին Բրյուսելում նախատեսվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարների հետ: Անն Լինդեն նշել է, որ Ֆինլանդիայի իր պաշտոնակցի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ շվեդական կողմը կներկայացնի իրադրության իր վերլուծությունը:
«Ավելի հանգամանորեն կխոսենք Շվեդիային եւ Ֆինլանդիային հետաքրքրող թեմաներից: Օրինակ՝ նրա մասին, որ ցանկացած իրադրության պայմաններում պետք է իրավունք ունենանք ընտրելու անվտանգության ապահովման մեր իրավունքը… Ներկայում մտադրություն չունենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել… Առայժմ այդ հարցը չի քննարկվում»,- ասել է Շվեդիայի ԱԳ նախարարը:
ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ներկայությունն Արեւելյան Եվրոպայում
Ըստ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պատրաստության են բերում ուժերն ու լրացուցիչ նավեր եւ ռազմական ինքնաթիռներ են ուղարկում Արեւելյան Եվրոպայում տեղակայման վայրեր: Այդ կերպ դաշնակիցները ձգտում են ուժեղացնելու զսպումն ու պաշտպանությունը Ուկրաինայում ու դրա շուրջ Ռուսաստանի ուժերի ավելացման պայմաններում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Դանիան որոշել է պահակային ծառայության ռազմանավ ուղարկել Բալթիկա ու չորս F-16 կործանիչներ Լիտվա: Իսպանիան եւս ռազմանավեր է ուղարկում ու ծանրութեթեւ անում Բուլղարիա կործանիչներ ուղարկելու մասին։
Ֆրանսիան իր հերթին հայտարարել է Ռումինիա ուժեր տեղափոխելու պատրաստակամության մասին, Նիդերլանդները երկու F-35 կործանիչ է ուղարկել Բուլղարիա եւ ռազմանավերն ու ցամաքային ուժերը բերել է մարտական պատրաստության: ԱՄՆ-ն էլ ուսումնասիրում է Հյուսիսատլանտյան դաշինքի արեւելյան թեւում ռազմական ներկայության ընդլայնման հնարավորությունը։