Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ 2020 թվականի մարտ ամսից փակվեցին սահմանները, այդ թվում՝ հայ-վրացականը: Բազմաթիվ ընտանիքներ «մասնատվեցին»՝ մնալով սահմանի այս ու այն կողմերում։
Կապի միակ միջոցը համացանցն էր, որից օգտվելով՝ Վրաստանի հայաբնակ գյուղերից մեկի բնակչուհի 25-ամյա Անահիտը դարձավ հարսնացու։
«Ավելի քան երկու տարի ընկերություն էինք անում, որոշել էինք մինչև 2020-ի ավարտը նշանդրեք անել, սակայն ամեն ինչ խառնվեց իրար՝ փակվեցին սահմանները, դե հետո էլ պատերազմ»,-«Ալիք մեդիայի» հետ զրույցում պատմում է Անահիտը:
Էդգարը՝ մեր պատմության փեսան, պատերազմի օրերին Արցախում էր, իսկ Անահիտն ամեն պահ լուրի էր սպասում: Դա էլ հաղթահարեցին: Էդգարը վերադարձավ տուն, բայց սահմաններն այդպես էլ մնացին փակ: Պետք էր անցնել հարաբերությունների հաջորդ փուլին:
«Տարբեր միջոցներ փորձեցինք, որպեսզի [Էդգարի ծնողները] կարողանան գալ Վրաստան, ծանոթանան ծնողներիս հետ, ապարդյուն: Մտածեցինք՝ գոնե օնլայն ծանոթանան մեր ընտանիքները: Դե այդպես էլ կազմակերպեցինք մեր օնլայն խնամախոսությունը»,-պատմում է Անահիտը:
Նրա դեպքը մեկն է, բայց ոչ միակը: Սահմանի տարբեր կողմերում մնացած հայերը շարունակում են նոր կապեր հաստատել՝ ծանոթությունն ու խնամախոսությունն էլ կազմակերպել առցանց: Սիրո եւ բարեկամության համար արգելք չեն անգամ COVID19-ն ու դրա հետևանքով դրված սահամանափակումները:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։