Ըստ ամերիկյան The New York Times պարբերականի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը քննարկել է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբաշխման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Զորքերի տեղաբաշխման մասին որոշումը կարող է ընդունվել շաբաթվա ընթացքում։
Պենտագոնի ներկայացուցիչները Բայդենին են ներկայացրել Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտ ԱՄՆ ուժերի տեղափոխման մի քանի տարբերակներ: Դրանցից մեկի շրջանակում Պենտագոնի մասնագետներն առաջարկել են Արեւելյան Եվրոպայի երկրներ ուղարկել 1000-5000 զինծառայող նրանց թվաքականի հնարավոր ավելացմամբ տարածաշրջանում լարվածության սրման դեպքում:
Ավելի վաղ Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայան էր հասել 200 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ եւ 90 տոննա ընդհանուր քաշով՝ առաջնագծի պաշտպանության համար նախատեսված ամերիկյան զենք-զինամթերքի առաջին խմբաքանակը՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու նպատակով:
Կիեւում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Ուկրաինայի զինված ուժերին հանուն երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության: