Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը հայտարարել է, որ Մոսկվայի եւ Պեկինի միջեւ համագործակցությունը խոր եւ բազմակողմ բնույթ ունի: Ըստ նրա՝ դա հիմք է տալիս խոսելու, որ երկու երկրների միջեւ արդեն յուրատեսակ դաշինք է ձեւավորվել։ Դեսպանն առանձնացրել է էներգիայի վերականգնվող աղբյուրների եւ էներգետիկ հումքի վերամշակման ուղղությամբ աշխատանքը:
Դենիսովն էներգետիկան որակել է իբրեւ «երկկողմ համագործակցության հիմքը նյութական ոլորտում», կանխատեսել է Չինաստանում ռուսական բնական գազի բարձր մակարդակի պահպանում, ինչպես նաեւ պատմել, որ ներկայում կողմերն ակտիվորեն քննարկում են նոր նախագծերը երկնագույն վառելիքի մատակարարման ոլորտում:
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ 2022-ի հունվարի սկզբին «ՆովատԷկ»-ը չինական Zhejiang Energy-ի հետ 15 տարով պայմանագիր է կնքել «Արկտիկ ՀԲԳ 2»-ի արտադրության տարեկան մինչեւ 1 միլիոն տոննա հեղուկացված բնական գազ մատակարարելու շուրջ:
Ապրանքաշրջանառությունն աճել է 35,8%-ով
«Գազպրոմ»-ը ռուսական գազը Չինաստան է մատակարարում «Սիբիրի ուժը» խողովակաշարով: Յակուտիայի Չայանդինի հանքավայրից մինչեւ Չինաստանի հետ սահմանի Բլագովեշչենսկ քաղաք 2200 կիլոմետր երկարությամբ ձգվող առաջին տեղամասը գործարկվել է 2019-ի վերջին, իսկ Կովիկիտինի հանքավայրից մինչեւ Չայանդինի հանքավայր մոտ 800 կիլոմետր երկարությամբ ձգվող երկրորդ տեղամասը նախատեսվում է շահագործման հանձնել 2023-ի սկզբին:
Ըստ 9ինական CNPC-ի հետ պարտավորագրի՝ մատակարարումների ծավալը մինչեւ 2025-ի նախագծային հզորության հասնելը պետք է ամեն տարի ավելացվի մինչեւ 38 միլիարդ խորանարդ մետր:
Պեկինի տվյալներով՝ Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021-ի արդյունքներով աճել է 35,8%-ով եւ կազմել ռեկորդային 146,887 միլիարդ դոլար: Չինական արտահանումը հաշվետու ժամանակաշրջանում ավելացել է 33,8%-ով՝ տարեկան արտահայտությամբ մինչեւ 67,565 միլիարդ դոլար, Ռուսաստանից ՉԺՀ մատակարարումները՝ 37,5%-ով՝ կազմելով 79,322 միլիարդ դոլար: