Ըստ կանադական Waterloo Region Record-ի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիություն է հայտնել Կանադային՝ Ուկրաինայի տնտեսության ուժեղացմանն ուղղված 120 միլիոն դոլար վարկի համար։ Նա նշել է, որ վարկը հատկապես կարեւոր է այն ժամանակ, երբ երկրի սահմանների ամբողջ երկայնքով 100 հազարանոց ռուսական զորք, հարյուրավոր տանկեր եւ զրահատեխնիկա են կուտակվել:
Օտտավայում Ուկրաինայի դեսպանատան հայտարարության համաձայն՝ վարկը երկու երկրների միջեւ հատուկ գործընկերության եւս մեկ օրինակ է:
Կանադայում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրի Բուկվիչն իր հերթին նշել է, որ պաշտոնական Կիեւը երախտապարտ է Կանադային՝ միջազգային գործընկերներին ռուսական ագրեսիան իբրեւ անընդունելի քաղաքականություն ներկայացնելու համար:
«Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելը նպաստում է Ուկրաինայի ուժեղացմանն ու հաստատում Կանադայի ամուր քաղաքական դիրքը Ուկրաինայի աջակցության գործում»,- ընդգծել է Բուկվիչը:
Օտտավայի հայտարարությունը պաշտոնական Կիեւին լավատեսություն է ներշնչել կանադական բանկերի կողմից ֆինանսական գործիքների ապահովում եւ աջակցություն ակնկալելու առումով:
«Հաշվի առնելով Ուկրաինայի ենթակառուցվածքների դեմ ընթացող կիբերհարձակումները՝ երախտապարտ կլինենք նաեւ կանադական գործակալությունների կողմից համապատասխան տեխնիկական եւ փորձագիտական աջակցության համար»,- նշել է Բուկվիչը:
Հարկ է նշել, որ Ռուսաստանից բացի, Կանադան ունի աշխարհի ամենամեծ ուկրաինական համայնքը: