Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սայեդ Խաթիբզադեն ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է, որ Վիեննայում Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները ճիշտ ուղու վրա են եւ լավ առաջընթաց են գրանցել: Նա ընդգծել է, որ բանակցող կողմերի միջեւ տարաձայնությունները մի շարք հարցերի շուրջ կարգավորվել են։
«Ամենակարեւորը՝ բոլոր կողմերը համաձայն են, որ Միացյալ Նահանգները չպետք է նորից հրաժարվի հնարավոր գործարքից»,- ասել է Խաթիբզադեն:
Խաթիբզադեն նշել է, որ Միացյալ Նահանգները դեռ պատրաստ չէ ընդունելու Իրանի առաջարկած մի շարք գործնական գաղափարներ: Նա Վաշինգտոնին կոչ է արել հնարավորինս արագ որոշումներ ընդունելու Թեհրանի հետ տարաձայնությունների վերաբերյալ:
Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցություններին մասնակցում են Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Եվրամիության ներկայացուցիչները: Միացյալ Նահանգների ներկայացուցիչը քննարկումներում հեռակա կարգով է ներգրավված: