«Արկն ընկավ եղբորս վրա, տեսա նրա մարմինը․․», «Ընկերս նռնակը ձեռքին գնաց. ե՛ւ ինքը մահացավ, ե՛ւ թուրքերին սպանեց», «Շրջափակման մեջ էինք, զանգեցի, հրաժեշտ տվեցի»,- այս ամենի մասին մեզ հետ զրույցում պատմում է 21-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Մելիքյանը, որ ծառայել է Ջաբրայիլում։
Ծնողների միակ տղա զավակը, որի ծնվելուն սպասել են 13 տարի, մարտի դաշտից ամեն անգամ զանգահարում էր տուն ու մորը խոստանում, որ վերադառնալու է։ Խոստումը պահեց։
Չնայած 44-օրյա պատերազմի ընթաքում հաղթահարած բոլոր դժվարություններին՝ Տիգրանը երբեք չի խոսում պատերազմից ու չի բողոքում: Այս մասին ասում է նրա մայրը՝ տիկին Անուշը։ Նա կարծում է, որ յուրաքանչյուր զինվոր էլ նման բանի միջով անցնելուց հետո հոգեբանի հետ պետք է աշխատի, սակայն լավ հոգեբանի գտնելը դժվար է: Ինքը՝ Տիգրանը, հոգեբանների չի այցելում, իսկ թե ինչ է կատարվում նրա ներսում, ոչ ոք չգիտի:
Պատերազմին մասնակցած նախկին զինծառայողներից եւս մի քանիսի հետ զրույցներում նկատեցի, որ նրանք խուսափում են հոգեբանների դիմելուց՝ կարծելով, որ չեն ստանա անհրաժեշտ օգնությունը:
Ինչո՞ւ են մարտական գործողություններին մասնակցած նախկին զինվորները խուսափում հոգեբաններից:
Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական պետական մանկավարժական համալսարանում ռազմական հոգեբանության դասախոս Զարզանդ Ասատրյանը կարծում է, որ այդ խնդիրն առկա է ո՛չ միայն մարտական գործողություններին մասնակցած նախկին զինծառայողների շրջանում. շատ քաղաքացիներ եւս խուսափում են հոգեբանական աջակցություն ստանալու համար հոգեբանի դիմելուց: Այստեղ ավելի խորքային օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան: Ընդհանուր առմամբ, մեր հայրենակիցներից շատերն ունեն հոգեբանի դիմելու առումով կարծրատիպային դիրքորոշում, սակայն գնալով այդ կարծրատիպները կոտրվում են:
«Իհարկե, մեծ պատասխանատվութամբ պետք է վերաբերվել պատերազմի մասնակից մեր քաղաքացիների հոգեբանական վերականգնողական աշխատանքների կազմակերպմանը եւ բուն մասնագիտական գործընթացի ճշգրիտ կերպով իրականացմանը: Բնականաբար, պատերազմում բազմաթիվ հոգեխոցիչ գործոններ նպաստում են, որ մարդը ծախսի մեծ քանակությամբ ադապտացիոն ռեսուրսներ, իսկ դրանք, ինչպես հայտնի է, հետագայում ամբողջությամբ չեն վերականգնվում, ինչն էլ պատճառ է դառնում հետվնասվածքային ստրեսների կամ ապահարմարումային վարքագծի դրսևորման համար»,- բացատրում է Ասատրյանը:
Այստեղ կարեւոր է նշել մեկ հանգամանք եւս. հոգեբանական վերականգնողական աշխատանքներին զուգահեռ պետք է իրականացվեն արդյունավետ սոցիալական ծրագրեր՝ նպատակաուղղված հասարակական կյանքին նրանց լիարժեք ինտեգրմանը եւ անձնական կյանքում հաջողությունների արձանագրմանը: Ավելին՝ երբեք չպետք է թույլ տալ, որ նրանք իրենց միայնակ զգան:
Այսօր մեր ամբողջ հասարակությունը պատերազմի հետեւանքներից հոգեբանական վերականգնման խնդիր ունի: Այն վիշտը, որ ապրում ենք մենք, կհաղթահարվի միայն հասարակության բոլոր շերտերի համախմբման, միմյանց աջակցելու եւ հուզական էմպատիայի առակայությամբ:
Ինչպես շարունակել ապրել պատերազմից հետո
«Փա´ռք մեր բոլոր հերոս նահատակներին: Հանուն նրանց հիշատակի մենք իրավունք չունենք չհամախմբվելու մեր Հայրենիքի… պետականության շուրջ: Հուզական ստացվեց, բայց այդ մասին առանց հուզմունքի հնարավոր չէ…
Զինվորական գործունեության ժամանակ զինծառայողը բախվում է մեծ թվով ստրեսածին գործոնների, ինչը կարող է առաջացնել բազմաթիվ մտավախություններ, հոգեկան լարվածություն, տագնապ, վախ եւ այլն: Միևնույն ժամանակ նա պետք է համոզված լինի, որ իրեն կցուցաբերվի անհրաժեշտ բժշկական օգնությունը: Բնականաբար, այս հարցազրույցի շրջանակում թվարկել կամ բնութագրել հոգեկանի անկայունության բոլոր պատճառները, հոգեբանական օրինաչափությունները, հնարավոր չէ: Պետք է նկատի ունենալ, որ առկա է փոխադարձ կապ անձնակազմի բարձր մասնագիտական գիտելիքներ, հմտություններ ունենալու եւ հոգեկան կայուն վարքագիծ դրսեւորելու միջեւ: Իհարկե, անձնակազմի հոգեկան կայունության վրա մեծ ազդեցություն են ունենում նաեւ հակամարտող կողմերի ուժերի հարաբերակցությունը, մարտական առաջադրանքի բնույթը, գործողությունների ինտեսիվությունը եւ այլն: Այստեղ հարկ է նշել, որ ռազմաուսումնական պարապմունքները նպատակ են հետապնդում, որ մարտիկների մեջ ձեւավորվեն վստահություն ոչ միան իրենց գիտելիքների ու ուժերի, այլեւ ընկերների գործողությունների նկատմամբ»,- ասում է Ասատրյանը:
Մարտական իրավիճակների մոդելավորմամբ անցկացվող ռազմաուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ձեւավորել զինծառայողների հոգեկան եւ վարքային կայունություն ապահովող այնպիսի մեխանիզմներ, որոնք նրանց հնարավորություն կտան ձեռք բերելու իրենց ուժերի նկատմամբ վստահություն, ինչը կնպաստի նաեւ հոգեխոցիչ գործոնների նկատմամբ դիմադրողականության մեծացմանը:
Զարզանդ Աասատրյանը կարծում է, որ զինվորական գործունեությունը եւ ընդհանրապես մարդու գործունեությունը կառավարելի դարձնելու համար պետք է հաշվի առնել նրան բնորոշ թուլությունները, առավելությունները, անձնային որակական հատկանիշները եւ այլն:
Մասնագիտական գրականության մեջ նշվում է, որ մարտական գործողություններից առաջ սովորաբար մեծ թիվ են կազմում անձնակազմի հոգեբանական կորուստները: Պատերազմներում տարած հաղթանակների պատմությունը ցույց է տալիս, որ հաղթում է նա, ով կարողանում է նվազագույնի հասցնել նաեւ այդ հոգեբանական կորուստների թիվը: Ինչպես հայտնի է, մարտադաշտում վախի զգացումը սահմանափակում է մարդու բանականությունն ու կամքը` նրա ամբողջ գործունեությունն ուղղելով ինքն իրեն փրկելուն: Դրա հետեւանքով մարտիկի գիտակցությունը ճնշվում է, եւ նրա գործունեության դրդապատճառները փոխադրվում են անգիտակցականի ոլորտ՝ առաջացնելով վտանգից խուսափելու ձգտում: Ռազմաուսումնական պարապմունքներով զիծառայողների ձեռք բերված գիտելիքները, հմտությունները, ինչպես նաև սպայական կազմի կողմից մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ կոլեկտիվ ձեւավորելու ու կառավարելու կարողությունները, անձնակազմի շրջանում հոգեբանական ընտրազատման աշխատանքների կազմակերպումը այն կարեւոր գործոններն են, որոնք ապահովում են ստորաբաժանումներում կայունություն եւ կառավարելիություն:
«Ինչպես հայտնի է, մարտադաշտում վախի զգացումը սահմանափակում է մարդու բանականությունն ու կամքը` նրա ամբողջ գործունեությունն ուղղելով ինքն իրեն փրկելուն: Դրա հետեւանքով մարտիկի գիտակցությունը ճնշվում է, եւ նրա գործունեության դրդապատճառները փոխադրվում են անգիտակցականի ոլորտ՝ առաջացնելով վտանգից խուսափելու ձգտում: Ընդ որում՝ շատ կարեւոր է անձնակազմին հոգեկանի ինքնակարգավորման վարժությունների վերաբերյալ որոշակի հոգեբանական գիտելիքների փոխանցումը»,- խոսքը եզրափակում է Զարզանդ Ասատրյանը:
Վերադառնալով Տիգրանին՝ ասեմ, որ ինքը պատերազմի մասին անգամ չի խոսել ծնողների հետ, քանի որ չի ցանկանում նրանց ինչ-որ կերպ տխրեցնել կամ անհանգստացնել։ Մի քանի զինվորներ անգամ հրաժարվեցին հարցազրույցից՝ մտածելով, որ ծնողներին ու բարեկամներին ցավ կպատճառեն իրենց պատմություններով կամ էլ խղճահարություն կառաջացնեն մտերիմների շրջանում: