Բարեբախտաբար թե դժբախտաբար, թվային տեխնոլոգիաներն այսօր մեր կյանքի անքակտելի մասն են: Մեր խնդիրն է թվային աշխարհում չեզոքացնել վնասները՝ միևնույն ժամանակ առավելագույնի հասցնելով համացանցի առավելությունները յուրաքանչյուր երեխայի համար: Հեռուստատեսությունն ու համակարգչային խաղերը դարձել են մեր օրերի ամենակարեւոր ու նաեւ ամենավտանգավոր գործոնները, եւ ինչքան էլ մարդ փորձի, երբեմն նույնիսկ անհնար է դառնում կտրվել դրանցից: Այս հարցում, թերևս, ամենախոցելի խումբը երեխաներն են:
Հոգեբան Էլպիդա Բաբայանը անարդար է համարում անդրադառնալ հեռուստատեսության եւ համացանցի միայն բացասական ազդեցությանը, չէ՞ որ վերջիններս ունակ են անհատ ձեւավորելու, աշխարհայացք փոխելու, մտահորիզոն լայնացնելու:
Հեռուստատեսության եւ համացանցի շնորհիվ երեխան տեղեկություն է ձեռք բերում շրջակա միջավայրի հրաշքների մասին, օրինակ՝ Արաբկիր համայնքում զբոսնելիս երեխան դժվար թե բեզոարյան այծի հանդիպի կամ հյուսիսափայլի հրաշքը վայելի, ինչը, սակայն, հնարավոր է դարձնում հեռուստատեսությունը, այն մեծապես նպաստում է սոցիալական, կոգնիտիվ զարգացմանը:
Հեռուստատեսությունն ու համացանցը կարող են ապահովել որակյալ ժամանց, սովորեցնել հասակակիցների հետ ճիշտ հարաբերվել, դժվարություններ հաղթահարել, մեդիան կարող է հանդես գալ նաեւ որպես այլընտրանքային ուսումնական հարթակ, խթանել հետաքրքրություն արվեստի, մշակույթի, սպորտի նկատմամբ: Հոգեբանը հատուկ շեշտում է, որ ամբողջ խնդիրը չափն է, որովհետեւ նույնիսկ ամենաօգտակար բանի չարաշահումը կարող է կործանարար լինել:
«Ծնողները պարտավոր են վերահսկել երեխայի դաս-խաղ-ֆիզիկական ակտիվություն բալանսը, որովհետեւ երեխան դեռ ձեւավորման փուլում է և շատ հեշտ է տրվում կախվածություններին: Այսքան դրական երեւույթների պարագայում չպետք է կորցնենք զգոնությունն ու անտեսենք մեդալի հակառակ կողմը, որովհետեւ հեռուստատեսությունը կործանարար հետեւանքներով լաբիրինթոս է, որտեղ չի կարելի երեխային թողնել առանց մեծահասակի վերահսկողության: Մինչեւ երկու տարեկան երեխաներին առհասարակ չի կարելի վարժեցնել էկրանին, լինի հեռուստացույց, թե հեռախոս, որովհետեւ երեխայի սոցիալական եւ հուզական զարգացման այդ կարեւորագույն եւ վճռորոշ շրջանում չի կարելի կենդանի շփումը փոխարինել էկրանով, որտեղ բացառվում է փոխգործակցությունը, տեղեկությունը մատուցվում է միակողմանիորեն, երեխային ի պատասխան չեն խոսում, ժպտում, եւ առավել եւս չկա սենսորային փոխգործակցություն»,— ասում է Բաբայանը:
Հեռուստատեսությունը վատ է ազդում նաեւ երեւակայության վրա, որովհետև երեխան մշտապես պատրաստի սցենարների աշխարհում է՝ իրական խաղալու, բանավիճելու, միջանձնային խնդիրներ լուծելու, վտանգներ կանխատեսելու եւ ճկուն արձագանքելու փոխարեն: Մշտապես պատրաստի սցենարների աշխարհում երեխան դառնում է պասիվ սպառող՝ մտային կարողությունները զարգացնելու եւ ինքնուրույն գաղափարներ գեներացնելու փոխարեն: Համացանցային այդ «կատարյալ» աշխարհի ազդեցության տակ ինքնագնահատականը եւս կարող է տուժել, որովհետեւ դեռահասի քննադատական մտածողությունը դեռևս բավական ճկուն չէ, որպեսզի հասկանա, որ այդ կյանքն իրականության հետ որեւէ աղերս չունի:
Առողջությունը եւս անմասն չի մնում, մշտապես անշարժ՝ մի տեղում գամված մնալը սպառնում է ավելորդ քաշով, տեսողության վրա եւս ազդում է գունավոր էկրանի չարաշահումը, կարող է մինչեւ անգամ «ծույլ աչքի» սինդրոմ առաջացնել: Առանց վերահսկողության դեգերումներն այդ ջունգլիներում երեխային կարող են հասցնել աղավաղված տեղեկություն, օրինակ՝ սեռական հարաբերությունների, թմրանյութերի եւ ալկոհոլի մասին, եւ ամենակարևորը՝ երեխան փորձի պակասի եւ մի շարք այլ պատճառներով կարող է բացարձակ աղավաղված ընկալում ունենալ:
Սակայն ինչպես բոլոր հարցերում, սահմանափակումների հարցում էլ ֆանատիզմը որեւէ դրական արդյունքի չի հանգեցնի: Գադջեթներից բացարձակ զրկելը կառաջացնի արգելված պտղի արդյունք, հետևաբար ավելի իմաստուն կլինի որոշակի ժամերով սահմանափակելը, միասին նայելը, ինչը կարող է նույնիսկ դրականորեն ազդել՝ ստեղծելով ընկերական մթնոլորտ, որտեղ երեխան ակնառու կտեսնի, որ ծնողը կիսում է իր հետաքրքրությունները: Չափազանց խստությունը վտանգում է ծնող-երեխա ընկերությունը:
«Միսս Տիեզերք Արմենիա» եւ «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն, հինգ երեխաների մայր Գոհար Հարությունյանը պատմում է, թե ինչպես է ինքը լուծում այդ խնդիրը: «Երեխաներիս 10 տարեկանը լրանալուց հետո եմ թույլ տալիս ունենալ հեռախոս, ավելի երկար են երեխա մնում, ավելի մաքուր են մնում: Նրանք ավելի շատ են բակում խաղում, ընկերների հետ ավելի շատ են շփվում: Տղաս երբեմն հեռուսատցույցով սարսափ ֆիլմեր է նայում՝ մտնելով յութուբ, ու գիշերը սկսում է գոռալ՝ տեսածը վերագրելով ընտանիքին: Որքան էլ փորձում եմ նրան հետեւել, միեւնույնն է, թեեւ հազվադեպ, բայց պատահում է: Գիշերը 10-ին հեռախոսները բալիկներիցս վերցնում եմ, որ կարողանան քնել, իրենք արդեն սովոր են այդ ամենին»,- պատմում է Գոհարը:
Համացանցի ազդեցության մասին խոսելով՝ նա հիշում է դստեր՝ Բիայնայի օրինակը: Երբ վերջինս «Դեպի ճամբար» հեռուստասերիալում էր նկարահանվում, հաճախ էր կարդում սերիալի մեկնաբանությունները, որտեղ նաեւ լինում էին բացասական կարծիքներ: Օգտատերերից մեկը մեկնաբանություններում գրել էր. «Բիայնան սարքած է»: Սա տխրեցրել էր փոքրիկ աղջկան:
«Լինում է, որ բարդույթավորվում են մեկնաբանություններից, բայց ավելի լավ է հիմա փոքր չափաբաժիններով այդ ամենին սովորեն, քան հետո միանգամից, որովհետև անխուսափելի է այդ ամենը»,- ասում է Գոհարն ու հավելում, որ պետք է փորձել երեխաներին լսել, քայլել ժամանակին ընդառաջ:
Սոցիալական մանկավարժ Արփի Բադոյանը, որ մի քանի տարի է, ինչ աշխատում է երեխաների հետ, ծնողներին խորհուրդ է տալիս օգտագործել համացանցի բովանդակությունը վերահսկող ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետորեն վերահսկելու երեխայի գործունեությունը համացանցում, ինչպես նաեւ երեխաների առօրյան այնպես կազմակերպելու, որ ժամանակ չունենա համացանցից օգտվելու:
Համացանցի բացասական կողմերից մեկն այն է, որ տեղեկատվությունը չի վերահսկվում, չկան տարիքային սահմանափակումներ եւ արգելքներ: Իր հերթին համացանցը լի է անորակ, չճշգրտված տեղեկություններով, էրոտիկ նկարներով ու տեսանյութերով, որոնք կարող են գրավել անգամ հասուն ու գիտակից մարդկանց: Չի բացառվում, որ երեխաներն էլ նման տեղեկությունների հանդիպեն: Համացանցային խաղերը նույնպես բացասական ազդեցություն են ունենում երեխաների վարքագծում։
Սոցիալական մանկավարժն ասում է, որ համացանցային խաղեր խաղալով՝ երեխաները նմանվում են իրենց վիրտուալ կերպարին՝ դառնալով ագրեսիվ, կոնֆլիկտային, դյուրագրգիռ ու նյարդային: Տուժում են ծնողների հետ հարաբերությունները, հատկապես երբ փորձում են նրանց հեռացնել, կտրել համակարգչից:
Համացանցը ստեղծվել է մեծահասակների համար, բայց երեխաների ու դեռահասների կողմից դրա կիրառումն օրեցօր մեծանում է, իսկ թվային տեխնոլոգիաների ազդեցությունը նրանց կյանքի եւ ապագայի վրա՝ աճում: Այնպես որ, թվային քաղաքականությունը, գործնական քայլերն ու թվային արտադրանքը ավելի շատ պետք է համապատասխանեն երեխաների կարիքներին, տեսլականին՝ հաշվի առնելով նրանց կարծիքը։