Տարուց ավելի է՝ Ստեփանակերտում «շրջում է «ազգային համաձայնության կառավարության» ուրվականը»։ Երբ պատերազմից հետո Հայաստանը կտրուկ ավելացրեց Արցախին հատկացվող գումարները, Ֆեյսբուքում գրեցի, որ «քաղաքականության ժամանակը սպառվում է, կսկսվի գումարների տնօրինման համար մրցակցություն»։
Ցավոք, մեկամյա վաղեմության կանխատեսումն իրականություն է դառնում։ Տարեսկզբին Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել եւ հավաստիացրել, որ բյուջեի մեկ լումայի ծախսն անգամ խստորեն վերահսկվելու է։ Նաեւ ասել է, որ վերահսկողական ծառայություններում ներգրավվելու են իշխանության հետ չփոխկապակցված մասնագետներ, կառավարությունում կատարվելու են կառուցվածքային եւ կադրային փոփոխություններ։
Դա նրա սահմանադրական իրավունքն է։ 2017-ին հաստատված՝ կառավարման սուպերնախագահական համակարգը նրան օրինական հնարավորություն է տալիս ցրելու կառավարությունը, սահմանելու նոր կառուցվածք եւ միանձնյա նշանակումներ կատարելու։
Ինչ որոշումներ կընդունի նախագահը՝ նրա լիազորությունների տիրույթում է։ Կարող է խորհրդատվություններ անցկացնել ԱԺ խմբակցությունների, արտախորհրդարանական կուսակցությունների, ՀԿ-ների, առանձին մարդկանց հետ, բայց «ազգային համաձայնության» կամ «կոալիցիոն» կառավարության ձեւավորման իրավական պարտավորություն նա չունի։ Բայց դա չի խանգարում, որ նրան վերագրեն նույնիսկ «նախկին նախագահներին ծառայության կոչելու» մտադրություն։
Ո՞վ է մոգոնել, որ, ասենք, Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհրավիրվի Ստեփանակերտ եւ «կնշանակվի», դիցուք, պետնախարար, Բակո Սահակյանը՝ ԱԱԾ տնօրեն, իսկ Արկադի Ղուկասյանը՝ ԱԳ նախարար։ Ո՞ր երկրում նման նախադեպ կա։ Ոչ մի։
Բայց դա ի՞նչ կարեւոր է, երեւանյան ԶԼ միջոցների ընդգծված մի հատված շարունակում է «ղարաբաղյան կլոունադան», իսկ երբ «բացառիկ տեղեկությունները» չեն հաստատվում, գործի է դրվում պատրաստի մատրիցան՝ իբր «Նիկոլ Փաշինյանը տապալում է Արայիկ Հարությունյանի ծրագրերը»։
Ինչ-որ «իրազեկ աղբյուրներ» ինչ-որ «հետաքննող լրագրողի» ասել են, որ կառավարությունում վերջին խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը «կշտամբել է» Արայիկ Հարությունյանին։ Որովհետեւ, իբր, եթե «Արցախում «ազգային համաձայնության կառավարության» ծրագիրը կյանքի կոչվի, ապա․․․»։
Ոչինչ չես ասի, լավ է մտածված։ Արցախում քաղաքական կոալիցիան պետք է պրոյեկտվի նաեւ Հայաստանում։ Խնդիրն, այսպիսով, հանգում է Արցախով Հայաստանում իշխանափոխության գերնպատակի իրականացմանը, ինչին հասնելու համար որոշակի շրջանակներ միջոցների ընտրության հարցում իրենց ոչնչով կաշկանդված չեն զգում։ Կա տեղեկատվաքարոզչական մատրիցա, հարկավոր պահին գործի է դրվում։
Մարդիկ այդ մասին հոգացել են ժամանակին՝ 2020 թվականի արցախյան ընտրություններում։ Գործի է դրվել հեղինակություն, գործի են դրվել անձնական հազարումի կապեր, ֆինանսական ահռելի միջոցներ, երեւանյան մեդիառեսուրսներ։ Այդ հսկայական աջակցությամբ Արցախի խորհրդարանում հայտնված ուժերն ու պատգամավորները պե՞տք է փոխհատուցեն։ Իհարկե, չէ՞ որ «պարտքը հատուցմամբ է գեղեցիկ»։
Եվ ստացվում է, որ Երեւանից «ֆա՛ս» հրահանգով համահայկական «եթեր» են մտնում Արցախի ԱԺ պատգամավորներ, երբեմն՝ խմբակցության ղեկավար։ Բայց արդյունքում ունենում ենք դարձյալ կլոունադա, որովհետեւ նույն խմբակցության մի պատգամավորը հերքում, բացառում է Արայիկ Հարությունյանի հետ «ազգային համաձայնության կառավարության» հարցով բանակցությունները, մյուսը՝ հաստատում, նույնիսկ՝ անոնսավորում, թե «այդ մասին շուտով կհայտարարվի»։
Ազգային ժողովը հայտարարություն է տարածում, Հայաստանի վարչապետին «զրկում» արցախահայության անունից բանակցություններ վարելու, որոշումներ կայացնելու մանդատից, մեկ շաբաթ անց, սակայն, ՀՅԴ խմբակցության երկու պատգամավոր ԼՂ ապագա կարգավիճակի համար պատասխանատվությունը վերապահում է Հայաստանին։ «Մենք բանակցող կողմ չենք»,- հանգիստ «խղճով» հայտարարում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։ «Մեզ ոչ ոք չի լսում»,- ավելացնում է։ Բայց հաջորդ օրը պնդում, որ «ազգային համաձայնության կառավարության» հարցում «Արայիկ Հարությունյանը նահանջի տեղ չունի»։ Ընդ որում՝ բոլորն իրենց «սուրբ պարտքն» են համարում շեշտել, որ Հայաստանը, ախր, Արցախին 300 միլիոն դոլար է հատկացրել, իսկ կառավարությունում «Արայիկ Հարությունյանի շրջապատն է»։
Ի՞նչ եզրակացնենք։ Միայն մի բան․ մարդիկ ձգտում են, ինչպես մեզ մոտ՝ Ստեփանակերտում են ասում, «երակ (ստեփանակերտերեն՝ «վենա») մտնել», բյուջեից իրենց «արդար բաժինն» ունենալ։ Սա է, մնացածը դեմագոգիա է, ցածրակարգ պոպուլիզմ։
Արայիկ Հարությունյանը հայտարարել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ Մարդիկ հասկանում են, զգում, համոզված են, որ նոր ընտրություններում, դարձալ դիմեմ ստեփանակերտյան հյութեղ ձեւակերպման օգնությանը, «բորդյուրին թքելու են»։ Ոչ ոք պոռոտախոսությանն այլեւս հավատ չի ընծայում։ Պատերազմը մերկացրել է բոլորին, հոծ գիծ քաշել անցյալի անպատասխանատու ճամարտակությունների եւ դառը իրականության միջեւ։ Կա՞ն Արցախում սթափ դատող անհատներ, խմբեր, շրջանակներ։ Անշուշտ։
Նույնիսկ մեր՝ «Կոլցեւոյի» թաղի տաքսու վարորդներն ավելի պրագմատիկ եւ անաչառ են դատում, քան խորհրդարանում երկու-երեք պատգամավորով ներկայացված «քաղաքական ուժերի» պարագլուխները։ Հետպատերազմական իրավիճակում նրանք պարտավոր են մի կեցվածք որդեգրել՝ «մի՜ վնասիր»։ Քաղաքական իմաստով դա կհնչի այսպես․ «Մի՜ խառնակեք»։ Առանց այդ էլ ներկա իրավիճակը 2017-2020 թվականների խառնակությունների հետեւանք է նաեւ։ Այլապես ինչ-որ տեղ ծրագրավորված «ղարաբաղյան կլոունադան» ունենալու է այլեւս անշրջելի՝ անդառնալիորեն ողբերգական ավարտ․․․
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։