ՆԱՏՕ-ն չի պատրաստվում զորք ուղարկելու Ուկրաինա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ այս շաբաթ գրավոր կպատասխանի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին: Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է, որ Ուկրաինան չանդամագրվի այդ կառույցին, եւ ընդհանրապես ՆԱՏՕ-ն չծավալվի դեպի Արեւելք:
ՆԱՏՕ-ն ասել է, որ սկզբունքորեն որեւէ պետության չի կարող արգելել դաշինքին անդամակցելու ցանկություն ունենալ: Այսօր կա վտանգ, որ Ռուսաստանը, նրա նախնական այդ հայտարարությանն ի պատասխան, կարող է մտնել Ուկրաինա:
Փորձենք ենթադրել, թե ինչ կպատասխանի ՆԱՏՕ-ն: Շատ հավանական է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հայտարարի, որ մինչեւ 2024 թվականը մտադիր չէ բանակցելու որեւէ երկրի հետ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով: 2024-ին, հիշեցնենք, ՌԴ-ում սպասվում են նախագահի ընտրություններ, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի Վլադիմիր Պուտինը: Պուտինի պարագայում մասնակցել նշանակում է արդեն իսկ լինել հաղթած: Այլապես ի՞նչ իմաստ ունի ընդդիմության ոչնչացումը Ռուսաստանում, Նավալնիի բանտարկությունն ու նրան ահաբեկիչ հռչակելը:
Արեւմուտքի համբերության բաժակը լցվել է, Ռուսաստանը դադարել է կանխատեսելի պետություն լինելուց, ոչ ոք չգիտի, թե ինչ է մտածում Վլադիմիր Պուտինը:
Արեւմուտքն ուզում է, որ Պուտինը գնա, Արեւմուտքը չի ուզում քանդել Ռուսաստանը, որովհետեւ դա անկառավարելի կդարձնի Չինաստանին: Իսկ Չինաստանն անհամեմատ միատարր երկիր է:
Պատերազմ, ըստ ամենայնի, Ուկրաինայում չի բռնկվի, որովհետեւ կողմերը համբերատար զինվում են: Նշանակում է՝ Ռուսաստանը պատերազմից բացի այլ քայլ չունի անելու, եւ Արեւմուտքը դա գիտի՝ կա՛մ պատերազմ, կա՛մ հայտարարություն, որ 2024-ին Պուտինը չի առաջադրվելու:
Արեւմուտքը բազմաթիվ քայլեր ունի՝ պատժամիջոցներից սկսած: Ի վերջո նա այդ պատերազմին սեփական զինվորներով չի մասնակցելու, նշանակում է՝ պատերազմի բռնկման դեպքում կորցնելու ոչինչ չունի, եթե, իհարկե, բանը ատոմային կռվին չհասնի: Այդ դեպքում կորցնելու բան ունի նույնիսկ Նոր Զելանդիան կամ Իսլանդիան: Ուրեմն ինչպե՞ս կհանգուցալուծվի ուկրաինական «Կարիբյան ճգնաժամը»:
Արեւմուտքն ուզում է, որ Ռուսաստանը վերադառնա Եվրոպա, դեմոկրատացվի, լինի կանխատեսելի: Ռուսներն ասում են՝ չէ՛, մեզ մեր խորհրդային կայսրությունն է պետք: Արեւմուտքը կրկին մտնում է պատմական այն շրջափուլի մեջ, երբ բան ու գործը թողած՝ պիտի ԽՍՀՄ քանդի:
ԽՍՀՄ-ով չզբաղվելու միայն մի տարբերակ կա ըստ Արեւմուտքի՝ Պուտինը պիտի գնա: Բոլորն այս կետի վրա կանգ են առել:
Գնդակը Ռուսաստանի դաշտում է. ե՛ւ 2024-ին չառաջադրվելու մասին հայտարարողն է ինքը, ե՛ւ առաջին կրակողն է ինքը: Մինչ այդ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը փորձում է հնչեցնել «մարդկային» վերջին սպառնալիքը. «Եթե Ռուսաստանը գնա այս [Ուկրաինայի վրա հարձակվելու] ճանապարհով, ռուս մայրերի շատ որդիներ տուն չեն վերադառնա»:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: