Թուրքական «Hurriyet» օրաթերթը հայտնել է, որ հունվարի 25-ին կայացած Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցության ղեկավար խորհրդի նիստում հատուկ անդրադարձ է կատարվել նոր ստեղծվող վիրտուալ Metaverse տիրույթին։ Նախագահ Էրդողանը հրահանգել է մանրամասն հետազոտություն պատրաստել Metaverse-ի, կրիպտոարժույթի ու սոցիալական մեդիայի զարգացման շնորհիվ ստեղծված իրականության ու նոր մարտահրավերների վերաբերյալ։
Ըստ «Hurriyet»-ի՝ նախագահ Էրդողանն այս առիթով նշել է. «Սա շատ զգայուն թեմա է, լուրջ ու մանրակրկիտ ուսումնասիրություն պիտի անենք»: Նա հավելել է, թե հետազոտության ավարտին կկազմակերպվի «համացանցային ֆորում», որին ինքն անձամբ կմասնակցի։
Հետազոտության խնդիրներից է լինելու հասկանալը, թե Metaverse-ում ինչ ձեւով է կատարվում առքուվաճառքը։ Անհրաժեշտ կլինի պարզել, թե արդյոք խնդրահարույց կլինի, եթե օտարերկրյա ներդրողները Metaverse-ում գնեն Իզմիրի Մարիամ Աստվածածին սրբավայրը կամ այլ նման հուշարձաններ։
ԱԶԿ ղեկավար խորհրդի նախագահի օգնական Օմեր Իլերին նշել է, որ Metaverse-ի սրընթաց զարգացման շնորհիվ 3 տարի անց Twitter-ն այլեւս չի լինելու, ամեն ինչ տեղափոխվելու է Metaverse․ «Այդ պատճառով մենք՝ որպես կուսակցություն, պետք է հիմա արդեն հասկանանք, թե ինչն ենք տեղափոխելու Metaverse, ինչ ենք անելու, որն է լինելու մեր քայլերի հերթականությունը։ Պիտի որոշում ընդունենք»։
«Պետք է կենտրոնանանք «թվային քաղաքականություն» եզրույթի վրա։ Մեր բոլոր սեկտորների հետ պիտի մշտական կապի մեջ լինենք ու հետեւենք Թուրքիայի թվայնացման գործընթացին։ Պիտի փորձենք կանխատեսել այս գործընթացի հնարավոր ազդեցությունը հասարակության վրա եւ ըստ այդմ պետք է մշակենք նոր քաղաքականություն»,- ասել է Օմեր Իլերին։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը