«Վեստնիկ Կավկազա» պարբերականը գրում է, որ Ադրբեջան ժամանած Իսլամական գիտության, կրթության, եւ մշակույթի կազմակերպության (ԻՍԵՍԿՕ) պատվիրակությունը, գլխավոր քարտուղար Սալիմ բին Մուհամմեդ ալ Մալիքի գլխավորությամբ, այցելել է Ֆիզուլիի շրջան, ուսումնասիրել գերեզմանատունը, ավերված Ջումա մզկիթը, հին քարվանսարայը, 17-րդ դարի մզկիթները եւ այլն: Ադրբեջանում դրական են ընդունում ԻՍԵՍԿՕ-ի ներգրավվածությունը պատմամշակութային արժեքների պաշտպանության ու վերականգնման գործում:
ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Մալիքը շնորհավորել է Իլհամ Ալիեւին՝ ղարաբաղյան պատերազմում հաղթանակի առթիվ եւ հավելել, որ հենվելով միջազգային իրավունքի, մասնավորապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի վրա, ԻՍԵՍԿՕ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանը եւ այդ դիրքերից է հանդես եկել նաեւ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում:
Ադրբեջանի դիվանագիտական համալսարանում անցկացված ասուլիսում Մալիքը հայտարարել է, որ Ադրբեջանին վերադարձված Շուշին, ինչպես նաեւ Աղդամը վերականգնվելու են երեք տարվա ընթացքում:
«Մենք առաջարկել ենք Շուշին վերածել իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաքի: Կարծում եմ՝ շուտով կիրականացնենք դա»,-ընդգծել է Մալիքը:
Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովն էլ ասել է, որ 2021-ին Բաքվում բացվելու է ԻՍԵՍԿՕ-ի տարածաշրջանային կենտրոնը: