ԱՐՄԵԴ համակարգի տնօրեն Ավետ Մանուկյանը հայտնել է, որ համակարգում որոշակի փոփոխություններ են կատարվել, եւ քաղաքացիների պատվաստումը հաստատող QR կոդերը սկանավորելիս անձնական տվյալները, օրինակ՝ անձնագրի համարն ու սերիան, այսուհետև կներկայացվեն մասամբ։
Բջջային հավելվածում կա հատուկ QR կոդ, որը քաղաքացիները պետք է ներկայացնեին հանրային վայրեր մտնելիս։ Կոդը սկանավորելիս տեսանելի էին դառնում անձի անձնագրի տվյալները` սերիան եւ համարը, ծննդյան տարեթիվն ու ամսաթիվը, ինչը հակասում է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Մանուկյանը նշել է, որ քաղաքացիների անձնական տվյալները հավաստագրերում ներառելու որոշումն ընդունվել է սահմանը հատելիս դրանք սահմանապահներին ներկայացնելու նպատակով, սակայն հասարակության շրջանում առաջացած աղմուկը եւ մեդիափորձագետների ահազանգերը հաշվի առնելով` ԱՆ մասնագետները խնդիրը քննարկել են եւ որոշել, որ անձնական տվյալների մի մասը կարելի է թաքցնել` դրանց փոխարեն աստղանիշներ դնելով։
«Հանրային վայրերում QR ծածկագրի պահանջը առաջացրել է հասարակության տարբեր շերտերի դժգոհությունը, քանի որ դրանով հանրայնացվում են անձնական տվյալները։ Այս ամենը հաշվի առնելով` փորձեցինք մի այնպիսի լուծում գտնել, որ այսուհետև քաղաքացիներն անհանգստանալու առիթ չունենան»,- ընդգծել է Մանուկյանը։
Համակարգի ղեկավարը չի բացառում, որ այս որոշումը կարող է որոշակի դժվարություններ առաջացնել սահմանապահների աշխատանքում։ Մանուկյանը, սակայն, վստահեցնում է, որ դրանք այնքան ակնառու չեն լինի։
Առողջապահության նախարարությունից եւս հայտնել են, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի, QR ծածկագրի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար, QR ծածկագիրը սկանավորելու կարիք չկա, բայց քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար սկանավորելու պարագայում անձնական էջում տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից:
ՀՀ ԱՆ-ն ընդգծել է, որ «Արմեդ» հավելվածում անձի վարակման պարագայում արտածվում է նրա հիվանդության փաստը կարմիր QR ծածկագրով: Վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ անձի բոլոր կանաչ QR ծածկագրերը կդառնան մոխրագույն: Առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:
Հայաստանում հունվարի 22-ից ուժի մեջ են մտել ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված նոր սահմանափակումներ։ Այսուհետև հանրային սննդի վայրեր, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, թանգարաններ, թատրոններ, համերգային եւ կինոդահլիճներ մուտքը թույլատրվում է միայն պատվաստված կամ վերջին 72 ժամում ՊՇՌ թեստ ներկայացնող քաղաքացիների համար։