Անցյալ տարվա վերջին «Ուկրաինական պրիզմա» արտաքին քաղաքականության խորհուրդը Ուկրաինայի արտաքին քաղաքականության վերաբերյալ ավանդական հարցում է անցկացրել փորձագետների շրջանում: Վերլուծական կենտրոնների եւ ակադեմիական ընկերությունների 111 փորձագետ, ինչպես նաեւ միջազգայնագետ լրագրողներ պատասխանել են երկրի արտաքին քաղաքականության նվաճումներին եւ ձախողումներին առնչվող հարցերին: «Ջրի երես» են հանվել նաեւ Ուկրաինայի «թշնամի» եւ «բարեկամ» պետությունները:
Եվ այսպես, Ուկրաինայի «բարեկամ» պետություններն են. Լիտվան (66%), Կանադան (43%), ԱՄՆ-ը (41%) (անցած տարվա՝ 27%-ի համեմատ), Մեծ Բրիտանիան եւ Լեհաստանը:
Ըստ 111 փորձագետների՝ Ուկրաինայի հանդեպ նվազ բարեկամական (կամ թշնամաբար տրամադրված) պետություններ են ճանաչվել. Ռուսաստանը (92%), Հունգարիան (54%), Բելառուսը (2019-ին Լուկաշենկոյի իշխանությունը բռնատիրական էին համարում հարցված փորձագետների 10%-ը, անցյալ տարի արդեն՝ 45%-ը): Փորձագետների միայն 6% -ն է Հայաստանը համարել Ուկրաինային ոչ բարեկամ երկիր: Սերբիան արժանացել է հարցվողների 5%-ի հակակրանքին: