ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու առաջարկից, հենց որ թույլ տան համաճարակային իրավիճակն ու ժամանակացույցը։
Պեսկովը լրագրողներին ասել է, թե այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի եւ Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում: Նա նշել է, որ որոշակի դադար է ստեղծվել ե՛ւ միջկառավարական հանձնաժողովի, ե՛ւ երկու նախագահների գլխավորած երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի աշխատանքներում: Էրդողանն ասել է, որ ինքը պատրաստ է այդ բոլոր միջոցառումներն անցկացնելու Թուրքիայում։ Պեսկովը նշել է, որ նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը:
Պաշտոնական Կրեմլը նշել է, որ Պուտինի՝ Թուրքիա նախատեսվող այցի ընթացքում կազմակերպվելու է գագաթնաժողով՝ նախագահների մասնակցությամբ, որի շրջանակում կքննարկվի Ուկրաինա-Ռուսաստան-ՆԱՏՕ-ԱՄՆ լարված իրադրությունը։
Թուրքական «Sabah» օրաթերթը եւս հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերը:
Ըստ «Sabah»-ի՝ նախօրեին թուրքական NTV-ով հեռարձակված ուղիղ եթերում Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել ստեղծելու Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամի լուծմանն ուղղված երկխոսության հարթակ։ Սրա վերաբերյալ հարցերն ու առաջիկա քայլերը քննարկելու նպատակով Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա։ Ըստ կանխատեսումների՝ այցը տեղի կունենա փետրվարի առաջին շաբաթների ընթացքում։
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը «Sabah»-ին հայտնել է, որ նախագահ Էրդողանը նախատեսում է փետրվարին հանդիպում ունենալ նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Երկու երկրների նախագահների հետ հանդիպումներից հետո Էրդողանը մտադիր է ստանձնելու միջնորդի պարտականությունները։