Հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել է նաեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններին, հայտնում է «Sabah» պարբերականը։
«Համաշխարհային քաղաքականության մեջ լիդերները ոչ թե թշնամանք ստեղծելու, այլ ընկերներ ձեռք բերելու համար են։ Ինչքան շատ ընկերներ հաջողվի ձեռք բերել, պետությունդ այնքան ավելի ուժեղ կլինի։ Որպես նախագահ՝ ԱՄՆ-ից առաջինը Թուրքիա է այցելել Օբաման։ Նրա հետ մեր սկսած երկխոսությունը նույն հունով շարունակվեց նաեւ Թրամփի հետ։ Դա եւս հաջող գործընթաց էր։ Իսկ իմ եւ Բայդենի հարաբերությունները հիմա համընկնում են Օբամայի հետ սկսած երկխոսության սկզբնական փուլին։
Իմ ակնկալիքները լրիվ այլ էին։ Մեծ հույս ունեմ, որ Հռոմում կայացած վերջին հանդիպումից հետո այս հարցում նոր զարգացումներ կլինեն։ Մասնավորապես, F-35-ի հարցով քննարկումները մեր պաշտպանության նախարարության ու ԱՄՆ ներկայացուցիչների միջեւ բավականին արդյունավետ են ընթանում»,- իր խոսքում նշել է Էրդողանը։
«S-400-ին առնչվող գործընթացը շարունակվում է, հետ կանգնելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Թե Թուրքիան որ երկրից ու ինչ կգնի, դա միայն մենք ենք որոշում, ո՛չ ուրիշները։ Մենք ենք որոշում ինչ անել պաշտպանության գծով, ինչ ձեռնարկել հարձակման գծով։ Ոչ մի այլ երկիր իր պաշտպանության համակարգը ստեղծելիս մեզ հետ չի խորհրդակցում։ Մենք եւս չենք պատրաստվում այլ պետություններից հարցնելու, թե ինչպես ստեղծենք մեր պաշտպանական համակարգը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Պատրաստեց Լիլիթ Մարտիրոսյանը