Ըստ գերանական DPA գործակալության՝ YouGov սոցիոլոգիական ինստիտուտի՝ հունվարի 21-25-ն անցկացրած հետազոտության տվյալներով Գերմանիայի բնակիչների գրեթե 60%-ը հանդես է գալիս Ուկրաինային զենքի մատակարարումների դեմ՝ այդ կերպ սատարելով հարցի շուրջ դաշնային կառավարության դիրքորոշումը:
Հարցմանը մասնակցել է 2042 մարդ: Հարցվածների 59%-ը ճիշտ է համարում Ուկրաինային զենք մատակարարելու՝ ԳԴՀ-ի իշխանությունների մերժումը: Ընդ որում՝ հարցվածների սոսկ 20%-ն է հայտնել հակառակ տեսակետը: Հարցման մասնակիցների 21%-ը հրաժարվել է հարցին պատասխանելուց:
Նախօրեին ԳԴՀ-ի պաշտպանության նախարար Քրիստին Լեմբրեխտը Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել էր Ուկրաինային 5 հազար զինվորական սաղավարտ տրամադրելու պատրաստակամության մասին: Այնուամենայնիվ, ՊՆ-ում մատակարարումների ժամկետները դեռեւս հստակեցված չեն:
ԳԴՀ-ում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը նշել է, որ Բեռլինի ժեստը լոկ խորհրդանշական է: «Դա լոկ մի կաթիլ է ծովում, մխիթարանք չէ»,- ասել է նա DPA գործակալությանը: Գերմանիայի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրման դեմ, դա բազմիցս ընդգծել են թե՛ կանցլեր Օլաֆ Շոլցը, թե՛ արտգործնախարար Աննալենա Բերբոկը:
Միեւնույն ժամանակ Բեռլինը հայտնվել է ԵՄ-ի գծով գործընկերների, հատկապես Լեհաստանի եւ Մերձբալթիկայի երկրների եւ ԱՄՆ-ի խստագույն ճնշման ներքո: Նրանք Գերմանիայից «պարզորոշ նախազգուշացումներ» են պահանջում Մոսկվայի ուղղությամբ: Ուկրաինայի որոշ ներկայացուցիչներ էլ Գերմանիային մեղադրել են «բարեկամերին դավաճանելու» համար: