Ըստ ՀՀ Կառավարության պաշտոնական e-gov.am կայքէջի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը հաստատող որոշում:
Որոշման տեքստի համաձայն՝ ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, հաստատվել խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը: Խորհրդի ձեւավորումից հետո երկամսյա ժամկետում կձեւավորվի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:
Խորհրդի նախագահն է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Խորհրդի անհատական կազմում ընդգրկված են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը, ԼՀԿ ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Մասիս Մելքոնյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-իներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:
Ըստ այդմ, մինչեւ 2022-ի դեկտեմբերի 28-ը կհաստատվի հանձնաժողովի մշակած սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը եւ կներկայացվի վարչապետի աշխատակազմ: Մինչեւ 2023-ի հունիսի 30-ը կհաստատվի հանձնաժողովի մշակած՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը եւ կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտել են այս նախաձեռնությունը եւ թեկնածուներ չեն առաջադրել: