Ըստ BBC News-ի՝ հունվարի 27-ից Անգլիայի տարածքում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները զգալիորեն մեղմացվել են: Մասնավորապես չեղարկվել է պաշտպանիչ սանիտարական դիմակների պարտադիր օգտագործումը, ՔՈՎԻԴ-անցագրեր եւս չեն պահանջվի:
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հայտնել է, որ պատվաստանյութերը, թեստավորումը եւ հակավիրուսային պատրաստուկները պաշտպանության հզոր երաշխիքներ են եւ օգնում են աստիճանաբար վերացնելու սահմանափակումները:
Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է, որ դիմակ դնելն այսուհետեւ լինելու է յուրաքանչյուրի անձնական գործը: Առանձին խանութներում էլ հայտնել են, որ կշարունակեն մարդկանց հորդորել դիմակ դնել: Գնացքների ուղեւորները նույնպես պետք է դիմակ դնեն, բայց ոչ ստիպողաբար:
Երրորդ չափաքանակը կրճատում է հոսպիտալացման ցուցանիշը
Եվրամիության հանրային առողջապահության գործակալությունից հայտարարել են, որ կորոնավիրուսի դեմ երրորդ չափաքանակը ընդունակ է շեշտակի կրճատելու վարակի հետեւանքով հոսպիտալացման ցուցանիշը։
Կառույցի գնահատականներով՝ Եվրոպայում այդ թիվը կարող է նվազել առնվազն կես միլիոնով, նույնիսկ հակառակ այն հանգամանքին, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը անհամեմատ ավելի վարակիչ է եւ շարունակում է սրընթաց արագությամբ տարածվել աշխարհով մեկ։
Եվրամիության 450 միլիոն բնակչության 70 տոկոսը ներկայում լիովին պատվաստված է, 50 տոկոսն էլ ստացել է երրորդ չափաքանակը։