Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ հնարավոր պատժամիջոցների փաթեթում կարող են նաեւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ քայլեր ներառվել։
Կողմ լինելով Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներին՝ Գերմանիայի իշխանություններն առ այսօր չեն հստակեցրել՝ տարածվելո՞ւ են արդյոք պատժամիջոցները նաեւ ռուս-գերմանական համատեղ «Հյուսիսային հոսք 2» գազատարի վրա։
ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը նախօրեին հայտարարել է, որ Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի համար կարեւոր այդ գազամուղը կզրկվի կապույտ վառելիքից։ Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել՝ խոսքը պատժամիջոցների՞, թե՞ Բեռլինի՝ այդ նախագծից հրաժարվելու մասին է։
ԱՄՆ-ը դեմ է այդ գազատարի շահագործմանը, ընդսմին Ջո Բայդենի վարչակազմն այս պահին դեմ է պատժամիջոցների սահմանմանը. մտավախություն կա, որ դա կարող է փչացնել Գերմանիայի հետ հարաբերությունները։
Գերմանիայի տնտեսական հարցերով նախարար Ռոբերտ Հաբեկը ավելի վաղ նախազգուշացրել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի ապագան Ռուսաստանից Գերմանիա կարող է «ծանր հետևանքների բախվել», եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի հանդեպ: Նա զգուշացրել է, որ ռուսական ներխուժումը կարող է Բեռլինին ստիպել վերանայել իր համագործակցությունը Ռուսաստանի հետ գազատարի հարցում:
«Հյուսիսային հոսք 2» գազատարը նախատեսված է երկու զուգահեռ խողովակաշարերով ռուսական գազը Բալթիկ ծովով Գերմանիա հասցնելու համար` շրջանցելով Ուկրաինան եւ մի շարք այլ երկրներ։ Ընդդիմախոսները պնդում են, որ այս նախագիծը կմեծացնի Գերմանիայի կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից՝ Բեռլինին դարձնելով հանդուրժող ռուսաստանյան քաղաքականության նկատմամբ։ Մտավախություն կա նաեւ, որ Մոսկվան գազատարը վաղ թե ուշ օգտագործելու է Եվրամիության եւ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու եւ ցանկալիին հասնելու համար։
«Հյուսիսային հոսք-2» գազատարից բացի՝ դեռ 2011-ի նոյեմբերի 8-ից շահագործվում է նաեւ «Հյուսիսային հոսք-1» խողովակաշարը: Դրանց միացյալ թողունակությունը կհասնի 110 միլիարդ խորանարդ մետրի, ինչը Ռուսաստանից Եվրոպա տարեկան փոխադրվող բնական վառելիքի ընդհանուր ծավալի մոտ կեսն է: