ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ հայկական կողմն այժմ փորձում է ճշտել, թե սահմանազատման եւ սահմանագծման համար ինչն է անընդունելի Ադրբեջանի համար։
2022-ի հունվարի 20-ի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե Ադրբեջանն արդեն համաձայնել էր սահմանազատման համար աշխատանքային խումբ ստեղծել, բայց ըստ Բայրամովի՝ Հայաստանն այն ժամանակ Բաքվի համար անընդունելի մի շարք նախաձեռնություններ է առաջ քաշել։
ՀՀ արտգործնախարարը նշել է, որ հիմա հայկական կողմը փորձում է պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, եւ, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող են առաջ քաշվել։ Նա հավելել է, որ դրանք ճշգրտման փուլում են, քննարկումը շարունակվում է։
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտնել էր, որ Հայաստանը Մոսկվայի միջոցով Ադրբեջանին է փոխանցել սահմանային գոտում լարվածության թուլացման առաջարկների փաթեթը:
Երկաթգծի առումով ամենաբարձր մակարդակով փոխըմբռնում կա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ տվյալ պահին երկաթգծի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով փոխըմբռնում կա, ինչը հաստատված է հայտարարություններով։ Նա երկաթգծի վերաբերյալ իրավիճակը շատ դրական առաջընթաց է համարել: Գրիգորյանը նշել է, որ այս պահին ավելի շատ փորձագիտական աշխատանք է ընթանում, որի արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի:
Փոխվարչապետը հավելել է, որ այս փուլում եռակողմ աշխատանքային խումբը որոշակի եւ հստակ նպատակներ հետապնդող աշխատանքներ է իրականացնում: Ըստ նրա՝ խոսքը ՀՀ հատվածներում կառուցվող երկաթգծի մասին է։
Գործընթացի մեկնարկը կկանխի սահմանային միջադեպերը
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցեւը հայտարարել է, որ հանձնաժողովի ձեւավորումը եւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկը կկանխեն սահմանային միջադեպերը եւ կնպաստեն Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը:
Զայցեւը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է սերտորեն աշխատել գործընկերների հետ Սոչիում 2021-ի նոյեմբերի 26-ին ընդունված հայտարարությունն իրականացնելու համար: Ըստ նրա, ի թիվս այլ հարցերի, նախատեսվում է ադրբեջանա–հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում: