ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2021-ի հունվար-նոյեմբերին ֆիզիկական անձանց բանկային փոխանցումների միջոցով արտերկրից Հայաստան է փոխանցվել 1 միլիարդ 898 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանից արտերկիր՝ գրեթե կիսով չափ պակաս՝ 1 միլիարդ 92 միլիոն դոլար: Այլ կերպ ասած՝ դրամական ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը կամ զուտ ներհոսքը եղել է 806 միլիոն դոլար:
Հայաստանյան բանկերի տվյալներով՝ տրանսֆետների ծավալով առաջին տասնյակում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Ղազախստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Չինաստանն ու Թուրքիան:
Ֆինանսական ներհոսքի ծավալով առաջատարներն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ Ղազախստանը
Հայաստան ֆինանսական ներհոսքի ծավալով առաջատարն ավանդաբար մնում է Ռուսաստանը, որտեղից 2021-ի 11 ամիսներին Հայաստան է փոխանցվել 781 միլիոն ԱՄՆ դոլար, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 517 միլիոն դոլար, երրորդը՝ Ղազախստանը՝ 82 միլիոն դոլար։
ՀՀ-ից 2021-ի հունվար-նոյեմբերին Ռուսաստան է փոխանցվել 356 միլիոն դոլար, ԱՄՆ՝ 170 միլիոն դոլար, Չինաստան՝ 68 միլիոն դոլար, ԱՄԷ՝ 34 միլիոն դոլար, Գերմանիա՝ 28 միլիոն դոլար, այլ երկրներ՝ 372 միլիոն դոլար, այդ թվում՝ ՀՀ-ից Ուկրաինա՝ 18 միլիոն դոլար, Ֆրանսիա՝ 16 միլիոն դոլար, Իսպանիա՝ 15 միլիոն դոլար, Թուրքիա՝ 6 միլիոն դոլար, Ղազախստան՝ 5 միլիոն դոլար:
Հայաստանի ու Ղազախստանի միջեւ ֆինանսական շարժը առանձնապես չի նվազել
Ղազախստանից Հայաստան փոխանցումների ծավալը հատկապես ավելացել է վերջին 3-4 տարիների ընթացքում, երբ Հայաստանից ղազախները մեծ թվով օգտագործված ավտոմեքենաներ էին գնում՝ օգտվելով էժան մաքսատուրքից: Մաքսային արտոնության ժամկետի ավարտից հետո էլ ֆինանսական շարժը Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առանձնապես չի նվազել:
Համեմատության համար նշենք, որ հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ղազախստան անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում 5,3 միլիոն դոլար է փոխանցվել, 2020-ին՝ 5 միլիոն, 2019-ին՝ 6 միլիոն դոլար:
Թուրքիայի հետ փոխանցումների՝ վերջին 10 տարվա դինամիկան
Ըստ բանկերից տրամադրված տվյալների՝ 2010-ի համեմատ Հայաստանից Թուրքիա փոխանցվող գումարներն ավելի քան 8 անգամ կրճատվել են. եթե 2010-ին ՀՀ-ից Թուրքիա 41 միլիոն ԱՄՆ դոլար է փոխանցվել, ապա 2021-ին՝ 5,6 միլիոն:
Թուրքիայից Հայաստան փոխանցումները եւս կտրուկ փոփոխության չեն ենթարկվել՝ մնալով տարեկան 1-3 միլիոն դոլարի շրջանակում: Ամենամեծ ծավալը գրանցվել է 2011-ին՝ 6 միլիոն դոլար, 2020-ին փոխանցվել է 3 միլիոն, 2021-ի հունվար-նոյեմբերին՝ 1,4 միլիոն դոլար: