Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվամբ բանաձեւը:
ԵԽԽՎ–ում բարձր են գնահատել Հայաստանի համագործակցությունը, վերջին ժամանակաշրջանում ԵԽ մի շարք կոնվենցիաների վավերացումը, ինչպես նաեւ Քրեական նոր օրենսգրքի եւ Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու 44-օրյա պատերազմին՝ Վեհաժողովը նշել է ազգային անվտանգության տեսանկյունից քաղաքական օրակարգում առաջացած խնդիրները, վերահաստատել է հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը, հոգեւոր եւ մշակութային պահպանման անհրաժեշտությունը, նշել ատելության խոսքի եւ գործողությունների անընդունելի լինելը։
Վեհաժողովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ տեւական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։
Վեհաժողովն ընդհանուր դրական գնահատական է տվել ընտրական եւ օրենսդրական բարեփոխումներին եւ կոչ արել Հայաստանի իշխանություններին դրանք ավարտին հասցնելու՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները։
Հայաստանին կոչ է արվել շարունակելու դատական բարեփոխումների իրականացումը: Նաեւ ընդգծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարեւոր դերը եւ գործունեությունը: