ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ։
Ամատունին նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել հանդիպել բոլոր այն անձանց հետ, որոնց գերեվարման փաստը պաշտոնապես հաստատել են այդ երկրի իշխանաթյունները։ Նրանց թվում են ինչպես 2020-ի պատերազմի, այնպես էլ 2021-ի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետեւանքով գերեվարվածները։ Ըստ Զառա Ամատունու՝ տեսակցությունների շրջանակում նաեւ հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով՝ նամակների փոխանակմամբ, տեսագրված ուղերձներով ու հեռախոսազանգերով, կապ հաստատելու հարազատների հետ:
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ գերիների հարազատները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ են բերել Հայաստան։ ԿԽՄԿ ներկայացուցիչը չի հստակեցրել՝ որ օրն է տեղի ունեցել հանդիպումը:
ԿԽՄԿ-ն չի հրապարակել՝ Ադրբեջանում պահվող գերիները հոգեբանական ու ֆիզիկական ինչ վիճակում են եղել։ Զառա Ամատունին հայտնել է, որ դա երկու երկրների իշխանությունների հետ քննարկվող փակ տեղեկություն է։
Ըստ հաստատված պարբերականության՝ հաջորդ նման հանդիպումը տեղի կունենա փետրվարին։
2021-ի դեկտեմբերի դրությամբ Ադրբեջանը հաստատել է շուրջ 50 հայ գերիների մասին տեղեկությունը։ ՄԻԵԴ-ում գերիների հարցով ՀՀ ներկայացուցիչ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ ոչ պաշտոնական տեղեկություն կա եւս 80 գերեվարվածների մասին: