Ֆաշիզմի դեմ հաղթանակի առթիվ Կրեմլում կայացած տոնախմբության ընթացքում Ստալինը շնորհակալություն է հայտնել ռուս ժողովրդին։ Նա իրեն համարում էր «վրացական ծագումով ռուս» եւ, ամենայն հավանականությամբ, «ռուս ժողովուրդ» ասելիս նկատի է ունեցել ԽՍՀՄ բոլոր ազգերին եւ ազգություններին։
Հետխորհրդային Ռուսաստանի պետական-քաղաքակրթական ինքնության հիմքը Եվրոպան «դարչնագույն ժանտախտից ազատողի» կերպարն է, որի հակառակ կողմը նույնիսկ ոչ թե ԽՍՀՄ-ի եւ կոմունիստական Արեւելյան Եվրոպայի, այլ Ռուսական կայսրության կարոտախտն է, որի առաջին քարոզիչը վտարանդիությունից հայրենիք վերադարձած՝ Նոբելյան մրցանակակիր Սոլժենիցինն էր։
Ռուսական ընկալմամբ՝ Բեռլինի պատի փլուզումը, Գերմանիայի միավորումը, Վարշավայի պակտի կազմաքանդումը «դավաճանություն էր», որի համար հանրային կարծիքը Գորբաչովին ոչ միայն չի ներում, այլեւ անիծում է։ Ոչ ոքի չի հուզում, որ եթե ամեն ինչ տեղի չունենար հնարավորինս խաղաղ, Եվրոպան, գուցե, անցներ եւս մի պատերազմի փորձություն։
«Ռուսաստանը մեծ է, արշինով չես չափի, Ռուսաստանը կհաղթեր»,- համոզված են իմպերիականության ապոլոգետները։ Ամեն ինչ պարզ է, նույնիսկ՝ հասկանալի։ Խնդիրը մեկն է․ ախր այդ Արեւելյան Եվրոպայի, նախկին ԽՍՀՄ ժողովուրդները չե՜ն ուզում Ռուսաստանի հետ լինել։
Այո՛, Եվրոպան «բարոյալքված է», միգրանտները Փարիզում անկարգություններ են հրահրում, Գերմանիան միլիոնավոր թուրք քաղաքացիներ ունի, Մերձբալթյան երկրները ոչ մի ինքնուրույն որոշում չեն ընդունում, Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցած Լեհաստանում ամենեւին էլ դրախտ չէ, բայց, միեւնույնն է, նույնիսկ ռուսների «հարազատ եղբայր» բուլղարներն են ընդվզում ռուսական ազդեցության դեմ։
Երկու ամիս առաջ Մոսկվայում բավական բարձր մակարդակով ընդունեցին Բոսնիա-Հերցեգովինայի Սերբական Հանրապետության առաջնորդ Դոդիկին։ Հունվարի 23-ին Սերբիայի նախագահ Վուչիչն Անկարայում էր, եւ նույն Դոդիկը հայտարարեց, որ Բոսնիա-Հերցեգովինայի կարգավորման գործում Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ։
Բելառուսների միայն չորս տոկոսն է կողմ Ռուսաստանի հետ միավորմանը, չխոսած վրացիների մասին։ Եվ այդ Բելառուսը ստեղծել է Ռուսաստանի «մեծ բարեկամ» Լուկաշենկոն։ Գուցե ճշմարտություն է, որ պատմականորեն Ուկրաինա պետություն չի եղել, ռուսները եւ ուկրաինացիները եղբայրներ են։ Բայց չէ՞ որ եղբայրներն էլ են բաժանվում, առանձին ընտանիք կազմում, իրենց տնտեսությունը ստեղծում։
Չէ՞ որ հենց ռուսական ասացվածք կա․ «Ընկերությունն՝ ընկերություն, բայց թութունն՝ առանձին»։ Ֆաշիզմի դեմ հաղթանակից արդեն շուրջ ութ տասնամյակ է անցել, շատ բան դարձել է հուշ։
Արեւելյան Եվրոպայի ժողովուրդների մի սերունդ, գուցե, շատ երախտապարտ է եղել խորհրդային զինվորին Բուդապեշտի, Պրահայի, Վարշավայի ազատագրման համար։ Բայց եղել է, չէ՞, 1956-ի Բուդապեշտ, 1968-ի Պրահա, 1980-ի Գդանսկ։ Դե իսկ որ գերմանացիներն իրենց մայրաքաղաքն ու երկիրը մասնատելու համար կարող էին երախտապարտ լինել, բացարձակ կեղծիք է։ Ազգային ինքնության, պետականության հարցում անգամ Նազարբաեւն էր Պուտինին հակադարձել, թե հինգհարյուրամյա պատմություն ունեն, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե Տոլստոյը համաշխարհային հեղինակություն է, ապա հեղինակություն է նաեւ Չինգիզ Այթմաատովը։ Կարեւոր չէ, որ գրել է Տոլստոյի լեզվով։ Բուն պատումը հակաիմպերիական է։
Եթե իմպերիան լիներ, ասենք, վրացական, Այթմատովի ծերունի ղազախ հերոսի բողոքն արձագանքվելու էր որպես հակավրացականություն։ Իմպերիան ռուսական էր, ղազախները ռուսներին են «օկուպանտ» ճանաչում։ Եթե 1930-ականների ղազախական սովի եւ պետականորեն կազմակերպված բռնատեղահանությունների տարիներին Ղազախստանի ղեկավարը հայ Լեւոն Միրզոյանն էր, ղազախների գիտակցության թեկուզ հեռավոր մի անկյունում նստվածքը կա, մնացել է, երբեմն-երբեմն իրեն զգացնել է տալիս։ 1932-1937 թվականներին Ղազախստանում սովից մոտ երկու միլիոն մարդ է մահացել։ Դա չի մոռացվի։
Եվ որքան էլ խորհրդային-ռուսական քարոզչությունն ասի, թե սովից նաեւ ռուսական Պովոլժիեն է տուժել, միեւնույնն է, ուկրաինացիներին չի համոզելու, որ «գոլոդոմորը կեղծիք է», իսկ փաստի պետական դատապարտումը՝ «ոտնձգություն միասնական պատմության դեմ»։ Իհարկե, Կենտրոնական Ասիան քաղաքակրթության մի մակարդակի հասել է Ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ-ի կազմում։ Բայց ո՞վ է ասել, թե ղազախները եւ ուզբեկները դրան չէին հասնի մեկ այլ, ասենք՝ Բրիտանական, իմպերիայի գերիշխանությամբ։ Կենտրոնական Ասիայից «ձեռք մեկնես»՝ Պակիստանն է, նախկին բրիտանական Հնդկաստանի մաս, որ ընդամենը վեց-յոթ տասնամյակի անկախ պետության պատմություն ունի, բայց միջուկային երկիր է։ Եվ եթե Աֆղանստանում ոչինչ չի ստացվել, չի ստացվում կամ «չի էլ ստացվելու», դրանից ամենեւին չի հետեւում, թե «չի ստացվել նաեւ Ղազախստանում»։
Ստացվել է, մեկ շնչի ՀՆԱ-ի ցուցանիշով ղազախները Ռուսաստանից հետո հետխորհրդային տարածքում երկրորդն են։ Չի աշխատելու նաեւ քարոզչությունը, որ «կլանային Ղազախստանում ազգային բարիքը հավասար չի բաշխվում»։ Իսկ Ռուսաստանում բաշխվո՞ւմ է։ Եվրոպայի դեմ գազային «մահակ» կիրառող Ռուսաստանում երկու տասնյակ միլիոնից ավելի բնակչություն դեռ բնական գազից չի օգտվում։
Եվ, վերջապես, «որտե՞ղ են ձմեռում ռուս խեցգետինները»։ Նույն «բարոյալքված» Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, արեւմտյան «հետնաբակ» օֆշորներում։ Պաշտոնական տվյալներով՝ 2021-ին Ռուսաստանից «արտահոսել է» 72 միլիարդ դոլար։ Այնպես որ, իրոք, «ընկերությունն՝ ընկերություն, բայց թութունն՝ առանձին»։
Այլապես բոլորն ունեն իրենց «թութունը» թույլատրելի եւ անթույլատերլի միջոցներով «առանձին ծխելու» իրավունք։ Կամ ում հետ որ կուզենան։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։