ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները ԼՂ Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտների հետ «Խաղաղապահներ. խաղաղապահական գործունեություն» թեմայով ինտերակտիվ «Խաղաղության դաս» են անցկացրել:
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Սոկորեւը նշել է, որ առաջին պարապմունքի թեման էր՝ «Խաղաղապահներ․ ովքե՞ր են նրանք», երկրորդը՝ պահպանվող ականային վտանգի պայմաններում վարքագծի կանոնների, երրորդը՝ առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ էր:
Աշակերտները բազմաթիվ տեղեկություններ են ստացել ական փնտրող ժամանակակից տեխնիկայի եւ ականների որոնման ծառայության շների օգնությամբ ռուս սակրավորների կողմից տարածքի մաքրման եւ ականազերծման մասին:
Ընթացիկ տարվա սկզբից ի վեր խաղաղապահներն ավելի քան 10 անգամ Լեռնային Ղարաբաղի քաղաքների եւ շրջանների կրթական հաստատություններում ինտերակտիվ «Խաղաղության դասեր» են անցկացրել: Այդ միջոցառումներին մասնակցել են շուրջ 1000 աշակերտ եւ ուսանող։