«Վերջին տարիներին հատկապես մեծացել է Չինաստանի թանգարաններ այցելող երիտասարդների թիվը, այդ թվում՝ առցանց»,- գրում է Los Angeles Times պարբերականը։
Շատերի կարծիքով թանգարաններն առաջարկում են անգնահատելի ու կարեւոր փորձառություն, խոր գիտելիքներ չինական ավանդույթների եւ մշակութային գանձերի մասին:
«Թանգարանում իրականության հետ շփվելը շատ ավելի տպավորիչ է, քան գրքային թռուցիկ ուսուցումը»,- ասում է այցելու Լիու Շուհաոն:
Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգի մայրաքաղաք Ժենգժուի թանգարանում այժմ ցուցադրվում են ոսկե եւ նեֆրիտե շուրջ 300 հազվագյուտ նմուշներ՝ ներառյալ բրոնզե գլուխ՝ ոսկե փայլաթիթեղով, առասպելական գազան եւ ոսկե զանգակներ, Տանգ դինաստիայի (Tang Dynasty) ժամանակներից ոսկեպատ երկաթյա վիշապ (618 մ.թ.- 907 մ.թ.), որը տարբերվում է չինական մշակույթին բնորոշ ավանդական վիշապից։
Մոտ 4000 տարվա վաղեմություն ունեցող ցուցանմուշներն ընտրվել են Դեղին գետի ավազանի 9 նահանգների 23 թանգարաններից: Ցուցահանդեսը նաեւ հիասքանչ վայր է ամանորյա արձակուրդն անցկացնելու համար:
«Այստեղ կարող ես զարգացնել ճաշակդ եւ հարստացնել գիտելիքներդ`վայելելով ցուցանմուշների գեղեցկությունը: Հանգիստն անցկացնելու այլ ձեւերի համեմատ՝ թանգարան գնալը ե՛ւ էժան է, ե՛ւ շրջակա միջավայրի համար անվնաս»,- ասում է մեկ այլ այցելու՝ Լյու Ժենդոնգը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը