ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-ամյակը, մեղմ ասած, աննկատ անցավ․ պաշտոնապես այն որեւէ կերպ այդպես էլ չնշվեց։
Միայն նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղեցին։
ԶՈՒ կազմավորման 30-ամյակին ուղերձ հղեց նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․ առողջապահական ոլորտի պատասխանատուն ոչ միայն շնորհավորել էր զինվորներին ու սպաներին, այլեւ իր երախտագիտությունն էր հայտնել զինվորի հետ ծառայություն իրականացնող ռազմական բժիշկներին։ Եվ վերջ։ Կամ գրեթե վերջ, եթե չհաշվենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՔՊ-ական պատգամավորների, մանր ու միջին չինովնիկների ֆեյսբուքյան գրառումները։
Բանակի 30-ամյակի օրը, սակայն, նկատելի էր հատկապես ոլորտի պատասխանատուների՝ պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի քար լռությունը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նույնիսկ շնորհավորական ուղերձ չհղեց, թեկուզ հենց այնպես, ձեւի համար։ Ի վերջո, սա նաեւ (միգուցե առաջին հերթին) հենց իր ղեկավարած գերատեսչության տոնն է։
Պաշտպանության նախարարը միայն հարկ էր համարել հունվարի 28-ին կառավարության մյուս անդամների հետ այցելել Եռաբլուր եւ ծաղիկներ դնել զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին․ ճիշտ այնպես, ինչպես այդ օրը ծաղիկներ դրեցին, ասենք, էկոնոմիկայի նախարարը կամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը։
Հունվարի 28-ին ուղերձ չեղավ նաեւ ԳՇ անունից․ լուռ էր ԳՇ պետ Արտակ Դավթյանը, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից է, ասել է՝ թե կանգնած է եղել բանակի կազմավորման ակունքներում։
Փոխարենը ՊՆ-ից մեկնաբանություն հնչեց, որ ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս հայտնաբերվելու պատճառով (դրանից մի քանի օր առաջ եղել էր Սուրեն Պապիկյանի հարսանիքը, որից հետո պարզ դարձավ, որ կորոնավիրուսով վարակվել են Նիկոլ Փաշինյանն ու հրավիրվածներից էլի շատերը):
Կարճ ասած՝ հունվարի 28-ը մեզանում անցավ ինչպես հերթական ոչ աշխատանքային օր։ Եվ ոչինչ ավելին։
Հայաստանում բանակի օրվա առթիվ որեւէ միջոցառում չէր անցկացվել նաեւ նախորդ տարի՝ 2021-ին։ Պատճառը պարզ էր․ նոր էր ավարտվել պատերազմը, ավարտվել հայկական կողմի պարտությամբ, եւ նման իրավիճակում տոնակատարությունները տեղին չէին։ Բացի այդ՝ նախորդ տարի բանակի կազմավորման 29-ամյակն էր։ Այնպես որ, կատարվածը մարդիկ ընդունեցին ըմբռնումով։ Բայց այս տարի ԶՈՒ-ի նկատմամբ իշխանությունների անտարբերությունը, մեղմ ասած, անհասկանալի է, եթե չասենք՝ անընդունելի։
Մանավանդ վերջերս պաշտպանության նախարարության կայքը վերախմբագրվել է, եւ այնտեղից անհետացել են ՀՀ ԶՈՒ կազմավորման պատմությունը, արցախյան ազատամարտին նվիրված հատվածը։
Թեւ ի՞նչ ակնկալել մի իշխանությունից, որի, մեղմ ասած, անհեռատես քաղաքականության հետևանքով, հակառակ նոր պատերազմ-նոր տարածքներ բանաձեւին, բանակը 44 օրում պարզապես ջախջախվեց։ Ի՞նչ ակնկալել մի իշխանությունից, որի միակ ձեռքբերումը զինված ուժերում սննդակարգի փոփոխությունը եւ ելակի ներդրումն է եղել։
Ի՞նչ ակնկալել մի իշխանությունից, որի ղեկավարը՝ պատերազմի օրերին գլխավոր գերագույն-հրամանատարը, առիթը բաց չի թողնում 44-օրյա պատերազմի պարտության ամբողջ մեղքը բարդելու ամենքի, այդ թվում բանակի, սպայակազմի, նախկինների, աշխարհի վրա՝ այդպես էլ չընդունելով իր սխալները, դեռ ավելին՝ հպարտանալով սխալվելու իր իրավունքի իրացմամբ։
Էլ չենք ասում այն մասին, որ այս տարիներին ներկա ու նախկին իշխանություններն այնքան էին պաթոսախեղդ արել հասարակությանը տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին անդադար խոսելով (ապացույցներից մեկն էլ նույն այդ նոր պատերազմ-նոր տարածքներ բանաձեւն էր), որ պարտությունից հետո մի տեսակ ասելիք չի մնացել, հատկապես երբ ընդունակ չես ինքնախոստովանության ու սեփական սխալներն ուղղելու։
Եվ այս ամենի համատեքստում հիշեցինք դեռ 1998-ին Վանո Սիրադեղյանի հարցազրույցից մի հատված․ «Կարծում եմ, թե բանակի վրա հույս դնելը, թե ամենահզորն ենք… իհարկե, 5 տարի առաջ մենք ամենահզորն էինք, հիմա ուրիշներն էլ բավական կարգին բանակներ ունեն: Այդ լեգենդին պետք է զգույշ մոտենալ, այնուամենայնիվ, այո, ուժեղ բանակ կա, բայց այս դեպքում հակառակորդներն են շատանում»:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: