ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը կեղծ պատվաստումների հերթական դեպքերն է բացահայտել։
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող Երեւանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներից մեկի հանրային ծառայողները պոլիկլինիկա այցելած անձանցից ստացել են ապօրինի վարձատրություն եւ պատվաստումը հավաստող սերտիֆիկատներ տրամադրել։
Պոլիկլինիկայում այդ անձանց համար նախատեսված պատվաստանյութը ոչնչացրել են: Կեղծ տեղեկությունների հիման վրա այդ անձանց անձնական տվյալները մուտքագրվել են «Արմեդ» համակարգ: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակում նշված բուժաշխատողները ձերբակալվել են:
Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ապօրինի ճանապարհով «ՔՈՎԻԴ-19» համավարակի դեմ պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ձեռք բերելուց եւ դրանք օգտագործելուց, ինչը քրեորեն հետապնդելի է: Միաժամանակ ԱԱԾ-ն զգուշացնում, որ շարունակելու է հետեւողական պայքար մղել նման հանցավոր երեւույթների բացահայտման եւ կանխման, ինչպես նաեւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Երեւանում պատվաստվել է շուրջ 749 հազար մարդ
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հայտնել է, որ մայրաքաղաքում ընդհանուր առմամբ իրականացվել է 748 հազար 990 պատվաստում: Առաջին դեղաչափով իրականացվել է 410 հազար 701, երկրորդ դեղաչափով՝ 334 հազար 147 պատվաստում: Խթանիչ պատվաստում է ստացել 4142 մարդ:
Վարակման դեպքերի սրընթաց աճ
Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի՝ Հայաստանում հունվարի 31-ի՝ 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367795 դեպք: Նրանից 336105-ն առողջացել են: Առ այսօր կորոնավիրուսը ՀՀ-ում խլել է 8053 մարդու կյանք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 հազար 202 բուժառու:
2 միլիոն 726 հազար 988 թեստավորում
Մեկ օրում կատարվել է 4673 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1362 նոր դեպք, առողջացել է 286 քաղաքացի, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 726 հազար 988-ի: