Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հանրապետական «Խաբար-24» հեռուստաալիքի եթերով հեռարձակված հարցազրույցում հայտնել է, որ ՀԱՊԿ ուժերը Ղազախստան ուղարկելուց առաջ ՌԴ իշխանությունները նախապայմաններ չեն առաջադրել։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ու Ղազախստանը դաշնակից պետություններ են, եւ ՀԱՊԿ ուժերը տեղափոխելու համար Կրեմլը ոչ մի նախապայման չի դրել:
Ըստ նրա՝ Ղազախստան խաղաղապահ զորախմբի ժամանման լուրը կարեւոր հոգեբանական եւ սաստող դեր է խաղացել ավազակների համար։
Տոկաեւը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Հայաստանի եւ Ղրղզստանի զինվորականներից բաղկացած համատեղ խաղաղապահ հավաքակազմ է: Տոկաեւը միաժամանակ ընդգծել է, որ Ղազախստան ժամանած ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբը այդպես էլ ոչ մի կրակոց չի արձակել։
«Ի սկզբանե պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԱՊԿ զորախումբը ռազմավարական օբյեկտների պահպանության գործառույթներ պետք է կատարի։ Մնացյալ հարցերն ինքներս կհոգանք։ Մեզ թիկունք էր պետք»,- ասել է Ղազախստանի նախագահը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը միաձայն ընտրվել է իշխող «Նուր Օթան» կուսակցության նախագահ:
Տոկաեւն այդ պաշտոնում փոխարինել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին։ Տոկաեւի թեկնածությունն առաջադրել է ինքը՝ Նազարբաեւը՝ հայտարարելով, որ Տոկաեւի ձեռքին է կենտրոնացած երկրի ողջ իշխանությունը։
«Վերջին մեկուկես տարում կուսակցությունն անցել է համակարգային լուրջ վերագործարկման միջով։ Այս գործընթացի վերջին փուլը համարում եմ կուսակցության կառավարումն ամբողջությամբ պետության գործող ղեկավարին հանձնելը։ Կուսակցությունը պետք է ղեկավարի այն մարդը, որն առաջադրվել է նախագահական ընտրություններում»,- ընդգծել է Նազարբաեւը:
Տոկաեւն իր հերթին Ղազախստանի քաղաքացիներին հորդորել է չմոռանալ Նազարբաեւի ավանդը եւ գրանցած հաջողությունները: