Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ոչ ոք, այդ թվում՝ տարածաշրջանի մյուս պետությունները, շահագրգռված չէ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերությունների սրմամբ։
«Իհարկե, սադրանքների ռիսկերը շատ մեծ են: Սա պետք է հաշվի առնել եւ խուսափել դրանցից»,- շեշտել է Ստանիսլավ Զասը:
Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Բելառուսի տարածքում անցկացվելիք զորավարժությունները սոսկ պաշտպանական բնույթ են ունենալու։ «Դա Բելառուսի եւ Ռուսաստանի ներքին գործն է, որոնք այս զորավարժություններն անցկացնում են իրենց տարածքում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժություններն անցկացվելու են փետրվարի 10-20-ը Բելառուսի տարածքում՝ Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումների շրջանակում։