ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի կարծիքով, եթե Ադրբեջանը չի կարողանում կատարել գերիների վերադարձի վերաբերյալ իր հումանիտար պարտավորությունը, ապա դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել:
«Այսօր մեզ համար դա առաջնային խնդիր է: Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ եւ բոլոր խողովակներով, ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն եւ զարգացում, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, անպայման է վստահության մթնոլորտ ձեւավորելը: Եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները հումանիտար խնդրի շուրջ, դժվար է ակնկալել, որ մյուս բոլոր խնդիրները կարող են լուծվել»,- ասել է Արա Այվազյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: