Հայաստանը եւ Նիդերլանդները նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: ՀՀ-ի եւ Նիդերլանդների Թագավորության միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992-ի հունվարի 30-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայտագրերի փոխանակմամբ:
1991-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից եւ հայ-նիդերլանդական դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի ղեկավարությունը բարձր մակարդակի մի շարք այցեր է կատարել Նիդերլանդներ. 1997-ին Նիդերլանդների Թագավորություն է այցելել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, 2014-ին՝ Սերժ Սարգսյանը:
Երկու երկրները 30 տարվա ընթացքում ստորագրել են տարբեր բնագավառներում փոխգործակցության եւ ծրագրերի իրականացման մասին 5 համաձայնագիր եւ 8 հուշագիր: Նրանք համագործակցում են միջազգային համագործակցության, տնտեսության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում։
Հայաստանը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության ոլորտում ակտիվորեն համագործակցում է գյուղատնտեսական ապրանքների արտահանման ակտիվությամբ աշխարհում երկրորդ երկիր Նիդերլանդների հետ:
2020-ի տվյալներով Նիդերլանդներում բնակվում է շուրջ 40 հազար հայ: Ժամանակակից հայ համայնքը ձեւավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո: Հայերը Նիդերլանդների Թագավորությունում ապրում են ակտիվ հասարակական, քաղաքական, մշակութային կյանքով։
Որպես Եվրամիության անդամ երկիր՝ Նիդերլանդները տարբեր ծրագրերով աջակցում են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը եւ մարդու իրավունքների ամրապնդմանը: