«Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում կլինի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաեւ իր խորհրդով, ամբողջական կընդունվի։
Արցախի ԱԺ-ի այս նախաձեռնությանը պետք է օժանդակել եւ օգնել, որ տեղեկատվական դաշտում կարողանանք մեր շեշտադրումներն անել։ Հուսամ` փետրվարի 13-ի խորհրդով եւ Միացում շարժման 34-րդ տարեդարձը կամրագրվի համայն հայության միասնությանը միտված գործողություններով»։
Թող ինձ ընթերցողը ների, բայց եթե ՀՀ նախագահի նախկին խորհրդական Թեւան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումից https://www.facebook.com/tevan.poghosyan ինչ-որ բան բաց թողնեի, համը կկորչեր։ Ուրեմն այսպես․ Թեւան Պողոսյանը հարցազրույց է տալիս եւ հորդորում (պահանջելու նման), որ Արցախում եւ Հայաստանում ընդունվի օկուպացիայի մասին օրենք, նախաձեռնվի ճանաչման ընթացք https://www.lragir.am/2022/01/29/695767/, իսկ հաջորդ օրը նրան զանգում է ԱՀ ԱԺ նախագահը եւ տեղեկացնում, որ օրենքի նախագիծն արդեն «օրակարգ է մտցվել»։ Եվ Թեւան Պողոսյանն արդեն որոշում է, որ Արցախի խորհրդարանը փետրվարի 16-ին նիստ պիտի գումարի, օրենքի նախագիծը «կանցնի առաջին ընթերցում» եւ ամբողջական կընդունվի փետրվարի 20-ին։
Իսկ ինչո՞ւ չհավատանք։ Եթե Թեւան Պողոսյանն «այնքան կա», որ Արցախի խորհրդարանի խոսնակը զանգում, նրան վստահեցնում է, որ մեկ օր առաջ հնչեցրած առաջարկությունն արդեն օրենսդրական նախաձեռնության տեսքի է բերվել, անցել համապատասխան փորձագիտական քննություն, արժանացել կառավարության (փաստացի՝ ԱՀ նախագահի) հավանությանը եւ «մտցվել օրակարգ», ապա ի՞նչ դժվարություն է փետրվարի 16-ին հրավիրել լիագումար նիստ, առաջին ընթերցման քվեարկություն անցկացնել, իսկ չորս օր հետո ընդունել ամբողջությամբ։
Չէ՞ որ փետրվարի 20-ը խորհրդանշական է․ 34 տարի առաջ հենց այդ օրն է ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհուրդը պատմական որոշում կայացրել։
Բայց 34 տարի առաջ կար ԽՍՀՄ, ուներ սահմանադրություն, որ միութենական հանրապետությունների փոխադարձ համաձայնությամբ նրանց միջեւ սահմանային փոփոխությունների իրավական հնարավորություն էր նախատեսում։ Ոչ ոք այն ժամանակ չէր կարող կանխատեսել, որ Ադրբեջանը կպատասխանի սումգայիթով։ Իսկ այսօ՞ր։
Եվ ի՞նչ առարկայական-շոշափելի հարց է լուծելու «Օկուպացված տարածքների մասին» Արցախի օրենքը։ Նման մի քայլի երեւի տասը տարի առաջ Վրաստանն է գնացել։
Արդյո՞ւնքը։
Միայն այն, որ վրացական սահմանապահ եւ մաքսային ծառայությունները վերահսկում են Վրաստանի տարածքով օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց տեղաշարժը դեպի Աբխազիա եւ Ցխինվալիի շրջան (նախկին Հարավ-օսեթական ինքնավար մարզ)։
Գումարած՝ ուշիուշով ուսումնասիրում են Վրաստան մուտք գործող օտարերկրացիների անձնագրերը՝ կա՞ այնտեղ Աբխազիա այցի մասին նշում։ Եթե այո, ապա 400 լարի տուգանք են գանձում, կրկնվելու դեպքում՝ հարուցում քրեական գործ։ Ընդ որում, Վրաստանը ՄԱԿ-ի անդամ է, Եվրամիության հետ ասոցացված երկիր, նրա տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը միջազգայնորեն ճանաչված են։
Բայց դրանից ոչինչ չի փոխվում։ Վաղն էլ չի փոխվելու։
Ահա այս համադրությամբ միջազգային հանրությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին ի՞նչ ուղերձ է հղելու «Օկուպացիայի մասին» արցախյան օրենքը։ Ո՞ր տարածքներն են օրենքով ճանաչվելու օկուպացված։ Սա շատ կարեւոր, միաժամանակ զգայուն խնդիր է, որովհետեւ օկուպացված է համարվում ինչ-որ ժամանակ, ինչ-որ ձեւով վերադարձնելի տարածքը։ Ի՞նչ լուծում են գտնելու օրենսդիրները։
1991-ի սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն հռչակվել է որպես նախկին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջան, քառասունչորսօրյա պատերազմից առաջ փաստացի իրավազորություն ուներ բոլորովին այլ տարածքում։ Սա քննարկելի հարց չէ՞։
Գործող Ազգային ժողովն ընտրվել է 2020-ի գարնանը։ Անցել է երկու տարի, բայց իրավիճակ է փոխվել՝ շատ մեղմ ասած։ Որեւէ մեկը հանրային կարծիքի հարցում իրականացրե՞լ է, գիտի՞, թե այս պահին ինչն է առաջնահերթություն, ինչը՝ երկրորդական, համոզվա՞ծ է, որ եթե վաղը խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ինքը վստահության նույն քվեն կստանա, ինչ երկու տարի առաջ։ Ավելի հստակ ձեւակերպեմ․ այս Ազգային ժողովը նման, չվարանեմ բնորոշումից, ճակատագրական հարցում որոշում կայացնելու հանրային աջակցություն ունի՞։ Ամենեւին էլ չեմ գունազարդում․ «Օկուպացիայի մասին» օրենքի ընդունումը կարող է իրավիճակ «դետոնացնել»։
Բոլոր հավանական սցենարները դիտարկվե՞լ են, հնարավոր հետեւանքները՝ հաշվարկվե՞լ։ Դատելով Թեւան Պողոսյանի «սահմանած ժամականացույցից»՝ նման մտահոգություններ քննարկելու, ծանրութեթեւ անելու ժամանակ պարզապես չկա։ Բայց ո՞վ է ասել, թե մենք պետք է հենց այդ ռեժիմով առաջնորդվենք։
Խորհրդարանը կարող է եւ պետք է կազմակերպի նախ՝ մասնագիտական, ապա՝ քաղաքական, ի վերջո՝ հանրային լսում-քննարկումներ։ Այլապես մեծ է լինելու նախապատերազմական ստատուս-քվոն օրենքով վերականգնված տեսնելու գայթակղությունը, եւ անլրջության «շքահանդեսի» ակամա դերակատար ենք լինելու բոլորս։ Իսկ երբ «մասսովկա» է, պատասխանատու չէ ոչ ոք։
Մինչդեռ իրական ժամանակը քաղաքական հստակ պատասխանատվության է․ ո՞վ է նախաձեռնում, ինչպե՞ս է հիմնավորում, հետեւանքների համար որքանո՞վ է հանձնառու։ Երբ կունենանք այս հարցերի պատասխանները, կորոշենք՝ ընդունո՞ւմ ենք դեկլարատիվ օրենք, թե՞ լծվում ամենօրյա ծանր աշխատանքի, որպեսզի կորցրածը գոնե մի որոշակի մասով վերագտնենք։
Այո՛, վերագտնենք։ «Նվիրատվություն» հաստատ չի լինելու։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։