Հունվարի 31-ին լրանում է ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտի ծննդյան 225-ամյակը։ Օրվա առթիվ Գյումրու «Բեռլին ԱՐՏ» կենտրոնի «Ալբրեխտ Դյուրեր» սրահում տեղի ունեցավ հերթական «Շուբերտիադան»։
Նախաձեռնության հեղինակն ու իրականացնողը Գյումրիում գործող «ԱՐՏ բոգեն» գերմանախոսների մշակութային կենտրոնն է։
Շուբերտիադաներ անցկացնելու արմատները շատ խորն են եւ գալիս են կոմպոզիտորի կենդանության օրերից։ Շուբերտի արվեստը սիրողները փոքրիկ համերգ-տոնակատարություններ էին կազմակերպում մասնավոր տներում՝ Շուբերտիադա անվանումով։
19-րդ դարասկզբին ավանդույթն ավելի է զարգանում։ Շուբերտի մեծահարուստ ընկերների ջանքերով Շուբերտիադաների սահմաններն ընդլայնվում են՝ դուրս գալով Վիեննայից։ Տոնակատարությունները հաճախ վերածվում էին գրական-երաժշտական երեկույթների: Անցկացվում էին կամերային, դաշնամուրային, նվագախմբային համերգներ, ասմունք, դասախոսություններ, հռչակավոր երաժիշտ-արվեստագետների վարպետաց դասեր։
Արդեն հինգերորդ տարին է, ինչ Գյումրիում գործող «ԱՐՏ բոգեն» գերմանախոսների մշակութային կենտրոնի հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանի գործուն ջանքերի շնորհիվ սկիզբ է դրվել Շուբերտիադան Գյումրիում անցկացնելու ավանդույթին։ Գյումրեցիներն ու քաղաք այցելող հյուրերը նույնպես կարողանում են մասնակից դառնալ համաշխարհային շուբերտյան տոնակատարությանը, վայելել գերմանական հզոր երաժշտական մշակույթը։
Միջոցառման շրջանակում 2018 թվականից իրականացվել են կոմպոզիտորի մասին ֆիլմերի դիտումներ, թարգմանություններ, երաժշտագիտական հանրամատչելի դասախոսություններ, համերգներ։
«Լինելով շուբերտյան արվեստի մեծ սիրահար՝ մշտապես ցանկություն եմ ունեցել Շուբերտիադան Գյումրի բերելու,- բացման խոսքում նշեց Ալեքսան Տեր-Մինասյանը,- հինգերորդ անգամ ենք վայելում տոնը, ամեն անգամ փորձում ներգրավել նոր արվեստագետների՝ նոր խոսք ու նոր որակ հաղորդելով տոնակատարությանը»։
Երեկույթի երաժշտական մասն ապահովեց Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսական եւ ուսանողական կազմը։ Հնչեցին Շուբերտի, Բեթհովենի եւ Մոցարտի ստեղծագործություններից:
Երաժշտագետ, Երեւանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը Գյումրիում անցկացվող Շուբերտիադայի առաջին իսկ օրերից ակտիվ աջակցում է ծրագրի իրականացմանը։ «Առիթը Շուբերտն է, բայց լավ հնարավորություն է խոսելու գերմանական հզոր երաժշտարվեստի մասին, տանել զուգահեռներ մեր եւ գերմանական մշակույթի, լեզվի, մտածողության, երգեցողության նմանությունների, դասական երաժշտությունն ընկալելու մասին»,- ասում է տիկին Հարությունյանը։
Գերմանիայի դեսպանատան գրասենյակի ղեկավար Մարկուս Չանն առաջին անգամ էր Գյումրիում, երեկույթը վայելելուց հետո փաստեց՝ տպավորված է․ «Գեղեցիկ մշակութային երեկո էր, հրաշալի երաժիշտներ էին։ Ես՝ որպես գերմանացի, շատ ուրախ եմ, որ Գյումրու եւ Գերմանիայի միջև այսպիսի հզոր մշակութային կապ կա»,- ասաց պարոն Չանն ու վստահեցրեց՝ անպայման էլի է գալու։
Իսկ «ԱՐՏ բոգեն» գերմանախոսների մշակութային կենտրոնում արդեն հեռահար նպատակներ կան․ բացի ավանդական Շուբերտիադայից՝ շուտով Շուբերտի երաժշտության միջազգային փառատոն են կազմակերպելու։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։