Եթե երբեւէ լինեք Մղարթում ու հարցնեք տեղացիներին, թե որն է նրանց հիմնական զբաղմունքը, բոլորը միաբերան նույնը կասեն՝ ջուր կրելը։ Գյուղի կյանք է՝ բազում դժվարություններով, բայց ոչ ոք դրանց մասին չի խոսում։ Ջուր չլինելու պատճառով են բոլոր խնդիրները, անգամ վեճերն ու կռիվները։ Ջրի պես նաեւ մարդկանց նյարդերն են բարակել․ 30 տարի է՝ սպասում են։
«32 տարի հարս եմ Մղարթում, Օձունից եմ։ Էն ժամանակ էլի էս նույն ջուրն էր ու բոլորիս հերիքում էր։ Էս վերջին տարիների պես չի եղել։ Ջրի խաթեր կռվում էլ ենք, ամոթ ա շատ։ Էրեխեքն ինձ չեն թողնում գնամ ջրի, ես էլ գնում եմ, հենց որ տանը չեն լինում։ Հիմի նորից բարակել ա, ասում ենք՝ ձյուն գա, վարարի, էդ էլ՝ ո՞ւր ա ձյուն»,- պատմում է 50-ամյա Անուշ Նալբանդյանը։
Տասնամյակներ շարունակ մղարթցիները բնությանն ու սեփական ձեռքերին են ապավինել։ Հիմա ձմեռ ու ձյուն չկա, առողջություն՝ նույնպես։ Տիկին Անուշն ասում է՝ խցանված երակներով ու մեկ երիկամով է ապրում, ապա շարունակում՝ տարեկից գրեթե բոլոր կանայք են նույն վիճակում։
Անուշ Նալբանդյանն ամուսնու եւ երեք որդիների հետ անասնապահությամբ է զբաղվում։ Խոշոր եղջերավորների մեծ գլխաքանակ ունեն, նաեւ խոզեր ու ոչխարներ։ Եվ թեպետ գյուղացիական տնտեսությունն ու ջրի բացակայությունն անհամատեղելի են, բայց գյուղում այլ բան չեն կարող անել։
«Էս պահին էլ էրեխեն գնացած ա, որ կողքի գյուղից ջուր բերի։ Կողեսից ենք բերում, էնտեղի ջրից ենք օգտվում, չորս տղամարդ են տանը, էրեխեքը հետս կազմակերպում են: Մեր աշխատանքն անասունների հետ ա, ոնց կարանք գանք տուն, ու ջուր չըլնի։ Ամեն հարմարություն ստեղծել ենք, բակ ունենք դրած, բայց դե պահ ա, եթե ջուրը բարակում ա, էլ ջուր չունենք։ Եթե մենք լցնենք, օգտագործենք, սաղ հարեւանությունը մնում ա անջուր։ Դրա համար գնում ենք, վեդրոներով բերում»,- պատմում է Անուշ Նալբանդյանը։
Հարեւան գյուղերի օգնությամբ մղարթցիները ջրի պակասն ինչ-որ չափով լրացնում են, բայց ոչ մի տեղից այստեղ հարսնացու չեն կարողանում բերել։ Տեղի աղջիկներն էլ իրենց կյանքը գյուղից դուրս են դասավորում։
«Գյուղի բնակչությունը գնալով պակասում ա, երեխաներ չեն ծնվում։ Էս պահին 375 մարդ ա ապրում, կա մի խավ, սենց ասած, չամուսնացած տղաների խավն ա, մոտ մի 40 հոգի։ Էս պահին նրանք պտի ամուսնացած լինեին ու սերունդ տված։ Սրա մասին ոչ մեկը չի ուզում բարձրաձայնի, բայց պտի բարձրաձայնենք։ Մոտավոր հաշվարկ եմ արել, մի 5-6 տարի հետո դպրոցը փակվելու ա, մանկապարտեզն էլ։ Էսօր ամենահրատապ խնդիրը Մղարթում ես համարում եմ էդ չամուսնացած տղաների խնդիրը։ Չգիտեմ՝ էդ հարցը ոնց ա լուծվելու»,- իր մտահոգությունն է հայտնում Մղարթի վարչական ղեկավար Ավագ Մոսինյանը։
Նա ոչ մի կերպ չի ընդունում այն կարծիքը, թե ջրի բացակայությունն ու դրա բերած դժվարություններն են տղաների չամուսնանալու հիմնական պատճառը։ Ավագ Մոսինյանը հարեւան գյուղերն է օրինակ բերում, որտեղից մղարթցիներն ամեն օր ջուր են բերում։
«Ընդեղ էլ ա էս նույն վիճակը, Կողեսում 24 ժամ ջուր ունեն, բայց էս նույն պրոբլեմն իրանց գյուղում էլ կա։ Գնացեք Գեղարքունիքի մարզի գյուղեր, նույն վիճակն ա, Տավուշում էլ։ Ինչքան ուզում ա կառավարությունը արտոնություն տա մայրերին, մինչեւ երկու տարեկան երեխայի նպաստի գումար կամ երրորդ երեխայի գումար տա։ Բայց պետք ա էդ տղաներն ամուսնանան, սերունդ տան, որ էդ ամեն ինչն իրագործվի»,- նեղսրտելով ասում է վարչական ներկայացուցիչը։
«Չամուսնացած խավից» մի քանիսը զրուցում են հրապարակում։ Գյուղի հոգսերի եւ կենցաղում իրենց խնդիրների մասին նախ ծիծաղելով են պատմում՝ «ձմեռվա մեր ուրախությունը ձյունն ա՝ տանիքից հալվում ա, վերցնում ենք, օգտագործում» կամ «շաբաթը մեկ ենք լողանում»։ Իսկ ընտանիք չեն կազմում, որովհետեւ ոչ թե աղջիկ, այլ ջուր չկա։ Լուրջ թե կատակ՝ նրանց բոլոր խնդիրները ջրի պակասից են սկսվում։
«Երկու-երեք օրը մեկ ջուր ենք բերում կողքի գյուղից։ Մանավանդ ձմեռվա ցրտին, սառածին դժվար ա, վախտ կա՝ չես կարում գնաս, բերես։ Բայց կա՛մ պտի ջուր բերես, կա՛մ անասունը ծախես։ Ամբողջ ժամանակդ ջուր բերելով ա անցնում։ Լիքը բաներ կարաս անես գյուղում, օրինակ՝ կաթի արտադրամաս սարքես, բայց առանց ջրի հնարավոր չի։ Ոչ մի բան առանց ջրի հնարավոր չի»,- ասում է 31-ամյա Վահան Գրիգորյանը, որ ընտանիքի հետ ամեն օր կիսում է անջուր պայմաններում անասուն պահելու դժվար հոգսը։
Իսկ 31-ամյա Անուշավան Խաչատրյանն անասնագլխաքանակը չի մեծացնում ջրի պատճառով։
«Ամեն օր ձեռով աղբյուրից ջուր ենք կրում։ Մեքենա չունենք, որ գնանք կողքի գյուղից ցիստեռնով բերենք, գոնե 15 օր ջուր ունենանք։ Ինչ գործ մտածում ենք, սաղ ջրի հետ ա կապված։ Ծառն ինչո՞վ ջրես, որ աճի, բերք տա։ Տունդ ուզում ես ռեմոնտ անես, ջուր չկա, որ ցեխը խառնես։ Հավատացեք, լիքը մարդիկ ջրի պատճառով գնում են գյուղից»,- ասում է Անուշավանն ու նշում՝ միայն ընտրությունից ընտրություն են գալիս, խոստումներ տալիս, ձայներ հավաքում, գնում։
Մղարթի վարչական ղեկավարը նույնպես փաստում է. «32 տարվա մեջ երեւի մի 20 անգամ ընտրություն ա էղել, էկել են, խոստացել, որ եթե ընտրեք, ձեր ջրի գործը կլինի։ Մինչեւ 90 տոկոս ձայներ են տարել գյուղից, բայց ոչ մեկը ոչինչ չի արել»։
2019-ին Մղարթի ջրամատակարարման համակարգի արտաքին եւ ներքին ցանցի, ինչպես նաեւ օրվա կարգավորիչ ջրամբարի (ՕԿՋ) կառուցման նախագծի համար կառավարությունը գումար է հատկացրել՝ 3,6 մլն դրամ։ Եվս 2,6 մլն դրամ էլ տրամադրվել է հարեւան Արդվիի ջրագծի նախագծման աշխատանքների համար։
«Նախագիծը յոթ անգամ մրցույթի դրվեց, վերջը յոթերորդ անգամն արվեց, էկան չափեցին, ձեւեցին, պատերազմն ընկավ մեջը։ Անցած տարի սեպտեմբերին էդ ամեն ինչը ավարտուն տեսքով արդեն հանձնվեց Տարածքային զարգացման հիմնադրամին։ Դե տարին նոր ա սկսվել, հույս ունեմ, որ էս տարի գոնե փող կհատկացնի կառավարությունը»,- նշում է Ավագ Մոսինյանը։
Կենարար հեղուկը, սակայն, Մղարթ կհասնի միայն 396 մլն դրամի առկայության պայմաններում։ Մինչ այդ Մղարթը կշարունակի ապրել իր բնականոն դարձած դժվարին կյանքով․ առավոտ կանուխ արթնացողի կովերը կխմեն գիշերը նավի մեջ հավաքված աղբյուրի ջուրը, իսկ գոմի դուռն ավելի ուշ բացողի անասունը ծարավ կմնա։ Ցերեկվա ընթացքում նավի մեջ լցված ջուրն էլ կանանց բաժինն է՝ տան կարիքների համար։
Ամեն օր 20 տոննա ջրի պայքար է, վարչական ղեկավարն է ասում, որի պատճառով օրական գոնե հինգ բողոք կամ զանգ է ստանում։ Անասնապահի հոգսը կովի՝ ջուր խմելն է, անասուն չունեցողինը՝ երեխային լողացնելը։ Իսկ գյուղի աղբյուրներն առաջվա նման ջուր չեն տալիս, այլ տարեցտարի ցամաքում են։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։