Կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անձանց ինքնամեկուսացման ժամկետը կրճատվել է: Վարակված, բայց չհոսպիտալացված անձինք եթե մինչեւ հիմա պետք է մեկուսանային առնվազն 14 օր, ապա նոր որոշմամբ` 7-10 օր, ըստ նրա` պատվաստված են, թե ոչ:
Կրկնակի պատվաստածներն ինքնամեկուսանում են, ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված, 7 օրացուցային օրով, մյուսները՝ 10 օրացուցային օրով: Չպատվաստվածները կարող են կրճատել ինքնամեկուսացման ժամկետը, եթե որոշեն 7-րդ օրը դարձյալ ՊՇՌ հետազոտություն անցնել, եւ թեստի արդյունքը լինի բացասական:
Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցի՝ պահանջների վերանայման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ ներկայում Հայաստանում ավելի շատ տարածված է «Օմիկրոն» մանրէահիմքը, ինչի դեպքում հիվանդությունն ավելի կարճատեւ է ու ավելի թեթեւ, հատկապես եթե մարդը պատվաստված է: